Նախագահ Ս. Սարգսյանն՝ Ի. Ալիևի հետ հանդիպման մասին. «Ես Ադրբեջանի նախագահի մոտ տեսա խնդիր լուծելու ցանկություն»
«Տեղաշարժի մասին դժվարանում եմ խոսել, բայց հանդիպման ավարտից հետո, երբ հարց է եղել՝ ինչպե՞ս եմ գնահատում այն, ես հակիրճ ասել եմ՝ նորմալ: Իրո՛ք, նորմալ եմ գնահատում: Նորմալ այն առումով, որ փաստորեն այս հանդիպումը նշանակում է, ամենայն հավանականությամբ, բանակցությունների նոր փուլ և նոր սկիզբ. մենք գրեթե երկու տարի չենք ունեցել հանդիպումներ, իսկ դա նշանակում է, որ բանակցությունները բարձր մակարդակով դադարեցված էին»,- ասել է նախագահ Սերժ Սարգսյանը ՀՀ մշակույթի նախարարության ղեկավար անձնակազմի հետ հանդիպման ժամանակ հնչած այն հարցին ի պատասխան, թե ինչպե՞ս եք գնահատում Ադրբեջանի նախագահի հետ Վիեննայում կայացած հանդիպումը, և արդյո՞ք կարելի է խոսել բանակցային գործընթացում որոշակի տեղաշարժի մասին:
Երկրի ղեկավարը նաև ասել է. «Ես Ադրբեջանի նախագահի մոտ տեսա խնդիր լուծելու ցանկություն, բայց սա բավարար չէ: Նույն ցանկությունն առկա է նաև մեզ մոտ: Ես անձամբ ցանկանում եմ, որպեսզի խնդիրը լուծվի հնարավորինս սեղմ ժամկետներում, բայց թե ի՞նչ պայմաններով է ցանկանում Ադրբեջանի նախագահը խնդիրը լուծել, և ես ի՞նչ պայմաններով եմ ցանկանում խնդիրը լուծել, ահա ամբողջ հարցը հենց այստեղ է: Բայց նորից եմ ասում, հանդիպումը դրական եմ գնահատում. մենք արդեն հանձնարարել ենք արտաքին գործերի նախարարներին, որպեսզի նրանք դեկտեմբեր ամսվա սկզբներին մեր նոր ցուցումների հիման վրա մի բանակցային փուլ սկսեն: Դեկտեմբերին տարածաշրջան կայցելեն համանախագահները և, երևի թե, մոտակա ժամանակներում հանդիպելու այն պայմանավորվածությունը, որ մենք ձեռք բերեցինք Ադրբեջանի նախագահի հետ, իրականություն կդառնա նաև այս հանդիպումների արդյունքների հիման վրա»: