ԿԽՄԿ ներկայացուցիչները Հակոբ Ինջիղուլյանի համար Ադրբեջանի կառավարությունից ակնոց են խնդրել
Օգոստոսի 8-ից Ադրբեջանում գերության մեջ հայտնված հայ զինծառայող Հակոբ Ինջիղուլյանին Կարմիր խաչի միջազգային կոմիտեն առաջիկա օրերին պատրաստվում է այցելել արդեն չորրորդ անգամ: Այդ հանդիպումից առաջ Կոմիտեի հայաստանյան ներկայացուցչությունում հյուրընկալել են Ինջիղուլյանի հարազատներին:
Panorama.am-ի թղթակցի հետ զրույցում Հակոբ Ինջիղուլյանի եղբայրը` Հարություն Ինջիղուլյանը, տեղեկացրեց, որ երեկվա հանդիպման ժամանակ նամակ են փոխանցել Հակոբին ու ընտանեկան լուսանկար: «Ես իրենց խնդրեցի, որ հեռախոսային զրույց ունենանք Հակոբի հետ, ասացին, որ իրենք խոչընդոտ չեն տեսնում, ուղղակի այդ հարցը պետք է որոշի Ադրբեջանի կառավարությունը: Իսկ բանավոր մենք փոխանցեցինք, որ սպասում ենք իրեն, թող գա Հայաստան», -փոխանցեց Հարությունը:
Կարմիր խաչի միջազգային կոմիտեի ներկայացուցիչները Հակոբ Ինջիղուլյանին կատարած երրորդ այցելության ժամանակ, ինչպես ասաց եղբայրը, հայտնաբերել են, որ Հակոբի տեսողության հետ կապված խնդիրներ կան. նա թղթի վրա գրվածը շատ է մոտեցրել աչքերին կարդալու համար: Հարությունի ասելով, Կարմիր Խաչի ներկայացուցիչները Հակոբին ակնոց տրամադրելու խնդրով դիմել են Ադրբեջանի կառավարությանը և միայն չորրորդ այցելության ժամանակ հնարավոր կլինի պարզել, արդյոք այդ երկրի ղեկավարությունը տրամադրե՞լ է ակնոց, թե՞ ոչ:
Հարությունը նաև տեղեկացրեց, որ Հակոբը «100 տոկոսով» նամակ է գրել` երրորդ երկիր տեղափոխվելու համար: «Ասում են ինքը դիմումը հարյուր տոկոսով է գրել, ներկայացրել է, թե գործերը երբ կհանձնվի ՄԱԿ-ին, տեղյակ չենք և ասել են, որ դիմումը գրելուց հետո մոտ մեկ տարի ժամկետ է պահանջվում, որ տեղափոխություն կատարվի: Ինչ-որ ընթացակարգ է պահանջվում դրա համար», -փոխանցեց Հարությունը:
Ավելի վաղ Panorama.am-ը տեղեկացրել էր, որ օգոստոսի 7-ի լույս 8-ի գիշերը, ժամը 3:00-ի սահմաններում, ծառայությունն իրականացնելու ժամանակ, ըստ նախնական տեղեկությունների՝ տեղանքում չկողմնորոշվելու հետևանքով 1991թ. ծնված շարքային զինծառայող Հակոբ Գևորգի Ինջիղուլյանը հատելով ղարաբաղա-ադրբեջանական սահմանը, հայտնվել է հակառակորդի պահպանության տակ գտնվող տարածքում:
Ադրբեջանը նախապես հաստատել էր հայ զինծառայողի՝ մոլորվածության պատճառով Ադրբեջանի պահպանության տակ գտնվող տարածքում հայտնվելու վարկածը, սակայն ավելի ուշ, ադրբեջանական լրատվամիջոցները սկսեցին տարածել զինծառայող՝ ինքնակամ շփման գիծը հատելու վարկածը: Ավելի ուշ, համացանցում շրջանառության մեջ դրվեց հայ զինծառայողի հետ երկու «հարցազրույց», ինչը Ժնևյան կոնվենցիայի 13-րդ հոդվածի մի շարք կետերի կոպտագույն խախտում էր:
Լրահոս
Տեսանյութեր
Թշնամnւ հրահանգները մեր կյանք տեղափոխողները Հայաստանի թշնամիներն են. Բագրատ Սրբազան