Եվրամիությունն ու Միացյալ Նահանգները խորապես հիասթափված Ուկրաինայի որոշումից
Եվրոպական Միությունը խորապես հիասթափված է Ուկրաինայի իշխանությունների` Ասոցացման համաձայնագրի շուրջ աշխատանքները կասեցնելու որոշման կապակցությամբ: Նման հայտարարությամբ է հանդես եկել եվրոպական արտաքին քաղաքականության և անվտանգության հարցերով բարձր ներկայացուցիչ Քեթրին Էշթոնը:
«Դա մեծ հիասթափություն է ոչ միայն ԵՄ-ի, այլև ուկրաինական ժողովրդի համար», - ասված է Էշթոնի մամուլի ծառայության տարածած պաշտոնական հաղորդագրության մեջ:
«Առավել հավակնոտ համաձայնագրի ստորագումը, որը ԵՄ-ը երբևէ առաջարկել է կառույցից դուրս գտնվող երկրին, միտված էր հետագայում ամրապնդելու ուկրաինական բարեփոխումների իրականացումը և ազդակ հղել ողջ աշխարհից ներդրողներին ու միջազգային ֆինանսական ինստիտուտներին այն մասին, որ Ուկրաինան լրջորեն է վերաբերվում սեփական արդիականացմանը, ինչպես նաև կանխատեսելի ու հուսալի գործըներ է դառնում միջազգային շուկաների համար», - ասված է Էշթոնի հայտարարության մեջ:
«Հավատում ենք, որ Ուկրաինայի ապագան գտնվում է ԵՄ-ի հետ սերտ հարաբերություններում: Միաժամանակ, հավատարիմ ենք մնում մեր պարտավորություններում Ուկրաինայի հանդեպ, որը գործարքի գլխավոր շահողը կլիներ, խթանելով ազատությունն ու բարգավաճումը», - ասված է հայտարարության տեքստում:
Ուկրաինական իշխանությունների որոշմանն են արձագանքել նաև ԱՄՆ պետքարտուղարությունում: «Միացյալ Նահանգները կիսում է Եվրոպական Միության հիասթափությունը Ուկրաինայի կառավարության` Ասոցացման համաձայնագրի ստորագրման աշխատանքները կասեցնելու որոշման առնչությամբ», - ասված է պետքարտուղարության կայքում զետեղված հայտարարության մեջ:
Վաշինգտոնը համոզմունք է հայտնում, թե Ուկրաինայի եվրոպական ինտեգրացիան տնտեսական բարգավաճման և ժողովրդավարության լավագույն ճանապարհն է և կոչ է անում Եվրամիությանը բաց պահել դուռը այդ երկրի եվրոպական հեռանկարների համար:
Հիշեցնենք, Ուկրաինայի նախարարների խորհուրդը նոյեմբերի 21-ին դադարեցրել էր Եվրամիության հետ Ուկրաինայի ասոցացման համաձայնագրի ստորագրման շուրջ նախապատրաստական աշխատանքները: