Արմեն Մինասյան. Ձախողման միակ պատասխանատուն Եվրոպան է
Եվրամիության հետ ասոցացումը կասեցնելու Ուկրաինայի որոշումը իսկական սառը ցնցուղ դարձավ Արևմուտքի համար: Եվրոպական ու ամերիկյան դիվանագետների բարձրաձայն հիասթափությունը և ուղիղ մեղադրանքները վկայում են, որ Բրյուսելում այլևս գիտակցել են՝ ընդամենը մի քանի ամիս առաջ տրիումֆի ակնկալիքներ տվող Վիլնյուսը շատ կարճ ժամանակահատվածում վեր է ածվում ֆիասկոյի:
Բնական է, որ Վիլնյուսը վերջնահանգրվան չէ, և խաղը շարունակվելու է: Այդ մասին է վկայում նաև Ֆյուլեյի հայտարարությունը, որ ոչինչ կորած չէ և ասոցացման համաձայնագիրը կարելի է ստորագրել մի քանի ամիս անց՝ ԵՄ-Ուկրաինա գագաթնաժողովի ընթացքում: Բայց փաստ է, որ Եվրոպան Վիլնյուսի հաշվարկներում սխալվել է, ու, եթե մոտեցումն արմատապես չվերանայի, առաջիկա ամիսների ընթացքում ոչինչ չի փոխվելու:
Պատճառը մեկն է. «Արևելյան գործընկերություն» ծրագիրը նախաձեռնելուց անմիջապես հետո Եվրոպան ինքն այդպես էլ չժխտեց դրա մեջ քաղաքական բաղադրիչի բացակայությունը (Ռուսաստանի դեմ ուղղված լինելը), և, որպես արդյունք, գործընկերներին իրապես գրավիչ առաջարկ չարեց: Եթե բանաձևելու լինենք, ապա պատկերը հետևյալն է. Ասոցացման դիմաց Եվրամիությունը գործընկերներին առաջարկում էր ընդամենը «եվրաինտեգրվող» պիտակը՝ մոդեռնիզացիայի ծախսատար փաթեթ, ըստ էության՝ առանց այդ ծախսերը փոխհատուցելու:
Եվրոպական ծրագրի բացերը լավագույնս երևում են հենց Ուկրաինայի օրինակով, ու ամենևին էլ պատահական չէ, որ Ուկրաինայի դեպքում ձախողումը կնշանակի ողջ ծրագրի տապալում (անկախ այն բանից՝ Մոլդովան ու Վրաստանը կհասնե՞ն տրամաբանական ավարտին, թե՞ ոչ): Նշված բացերը կարելի է հեշտությամբ նկատել մի շարք հարթություններում:
Աշխարհաքաղաքական կտրվածքով Ուկրաինայի դերը լավագույնս ձևակերպել է Զբիգնև Բժեզինսկին՝ Ուկրաինայի հետ Ռուսաստանը գերտերություն դառնալու իր հեռանկարը կպահպանի, իսկ կորցնելով Ուկրաինան, կկորցնի նաև այդ հեռանկարը: Թե որքանով է այս բանաձևն իրատեսական՝ այլ հարց է, բայց փաստ է, որ ատլանտիստ պատրիարքի մոտեցումը ռուսական իշխանական ու փորձագիտական շրջանակներն արդեն մեկ տասնամյակ ընդունում են ի գիտություն և, ըստ էության, Ուկրաինան չկորցնելու համար պատրաստ են ամեն ինչի:
«Արևելյան գործընկերության» հեղինակները ո՛չ ծրագրի մեկնարկում, ո՛չ էլ դրա ընթացքում այդպես էլ հարկ չհամարեցին Մոսկվայի մտավախությունները փարատելու ուղղությամբ անհրաժեշտ քայլեր ձեռնարկել: Ավելին՝ ծրագրի մեկնարկում ՌԴ Կալինինգրադի մարզը ներառելով ծրագրի մեջ (ինչը կյանքի չկոչվեց Մոսկվայի մերժման պատճառով), իսկ արդեն ընթացքում գործընկեր երկրներին «կամ-կամ» մոդելը պարտադրելով (հանուն արդարության պետք է նշել, որ «կամ-կամ»-ի հեղինակները ոչ թե Մոսկվայում էին, այլ Բրյուսելում)՝ եվրոպացիները ոչ միայն չժխտեցին ծրագրի «աշխարհաքաղաքական» բնույթը, այլև առնվազն հասկանալի դարձրեցին, որ դա կա: Ուստի՝ պարզապես միամտություն կլիներ Ռուսաստանից այլ արձագանք ակնկալել:
Հատկապես` Ուկրաինայի պարագայում: Հասկանալի է, որ Կիևը (անկախ այդ պահին իշխող ուժի իրական մոտեցումներից ու կողմնորոշումներից) չի կարող թույլ տալ երկիրը վերածել աշխարհաքաղաքական բախումների կիզակետի, քանզի դա հղի է ոչ միայն ինքնիշխանության կորստով, այլև՝ երկրի հնարավոր պառակտմամբ: Այս իրավիճակում Ուկրաինայի կառավարության որոշումը միանգամայն ողջամիտ է. դադար վերցնել և վերջնական պատասխան չտալ ո՛չ Ռուսաստանին, ո՛չ Եվրամիությանը:
Կիևի դեպքում խնդիրն ունի նաև վառ ընդգծված քաղաքական շերտ: Ուկրաինան այն երկիրն է, որտեղ քաղաքական էլիտան, թեկուզ և որոշ հարցերում, ունի կոնսենսուս (օրինակ՝ եվրաինտեգրման հարցում), սակայն խիստ ֆրագմենտացված է և հարուստ է բացասական նախադեպերով:
Այստեղ իշխանության համար պայքարը միշտ ուղեկցվել է տարբեր (հիմնականում՝ հայրենակցական հիմքով ստեղծված) կլանների միջև բախումներով, քաղաքական սպանություններով, հետապնդումներով, և որ ամենակարևորն է՝ սեփականության վերաբաշխմամբ:
Բնական է, որ սա քաղաքական մշակույթի և ինստիտուցիոնալ բազմաթիվ բացերի արդյունքն է, և համակարգի կտրուկ վերանայումը պարզապես անհնար է: Այս պայմաններում Յանուկովիչի կառավարության առաջ կտրուկ պահանջ դնել, որը ենթադրում է նրա գլխավոր մրցակից Տիմոշենկոյի ազատ արձակում, Բրյուսելի կողմից պարզապես սխալ էր: Խոսքն, իհարկե, Տիմոշենկոյի գործի իրավական ու բարոյական կողմին չի առնչվում: Ակնհայտ է, որ Տիմոշենկոյին ազատազրկելը Յանուկովիչի մեծագույն սխալներից է, և այդ «ավանդույթի» պահպանման դեպքում ինքը ևս վաղ թե ուշ հայտնվելու է նույն կարգավիճակում: Բայց ողջամտությունը եվրոպացիներին պետք է հուշեր, որ Ուկրաինայի գործող նախագահը պատրաստ չէ ներկայումս արժանանալ իր մրցակցի բախտին, ուստի նրա առջև այս հարցով վերջնագրեր չպետք է դրվեր:
Հաջորդ հարթությունը, որ թերևս ամենակարևորն է, տնտեսականն է: Անկախ այն բանից, որ Ասոցացումը ենթադրում է արագ արդիականացում, փաստը մնում է փաստ. Եվրոպան կարճաժամկետ հեռանկարում ոչինչ չի առաջարկում այս մասով, բայց փոխարենը ունեցածը կորցնելու իրական հնարավորություն է ստեղծում: Ինչու՞մն է խնդիրը:
Թեև ԵՄ և ՌԴ հետ Ուկրաինայի արտաքին առևտրի ծավալները գրեթե համադրելի են, այդուհանդերձ կառուցվածքային հսկայական տարբերություն կա: Դեպի Եվրոպա Ուկրաինան առաքում է հիմնականում հումք, իսկ դեպի Ռուսաստան՝ պատրաստի ապրանքներ և գյուղատնտեսական արտադրանք: Հասկանալի է, որ հումքի արտահանման ծավալների վրա ԵՄ հետ ասոցացումը էական էֆեկտ չի ունենալու, իսկ ահա ուկրաինական գյուղմթերքների ու պատրաստի արտադրանքի համար եվրոպական բազմիցս քարոզված «500 միլիոնանոց շուկան» շարունակելու էր մնալ անհասանելի՝ Եվրոպայում գործող մրցակցության ու չափորոշիչների պատճառով: Տեսականորեն ուկրաինական գյուղատնտեսությունը կարող է որոշ ժամանակ հետո արդիականացվել և համապատասխանեցվել եվրոպական չափանիշներին, բայց դա պահանջելու է մի կողմից լուրջ ներդրումներ (որոնք Եվրոպան այդպես էլ չի երաշխավորում) և կորուստներ արդեն իսկ առկա շուկաներում, քանզի Ռուսաստանը անգամ եթե հարցը դիտի քաղաքական հարթությունից դուրս, միևնույն է, ստիպված է լինելու ուկրաինացիներին զրկել բազմաթիվ արտոնություններից:
Ամենևին էլ պատահական չէ, որ Կիևն իր վերջին որոշումը բացատրեց տնտեսական կորուստներով և այդ կորուստները փոխհատուցելու ԵՄ չկամությամբ:
Նույն վիճակն է նաև սոցիալական հարթությունում: Այն արտոնությունները, որոնք այսօր Ուկրաինան ունի Արևելքի հետ համագործակցությունից (սկսած ՌԴ-ում աշխատող գաստարբայթերներից, վերջացրած երկում ռուսական շուկայի ապահոված աշխատատեղերով), Ասոցացման դեպքում կարճաժամկետ հատվածում ոչ մի կերպ չեն փոխհատուցվելու: Իսկ սոցիալական խնդիրներն Ուկրաինայի նման երկրներում ամենևին էլ վերջին տեղում չեն:
Եթե ամփոփենք, ապա ստացվում է, որ ստեղծված իրավիճակում Կիևի որոշումը միանգամայն ողջամիտ է և միտված է երկիրն ավելորդ ռիսկերից ապահովելուն: Ինչ մնում է Վիլնյուսին, ապա Եվրոպան ակնհայտորեն ձախողվել է այս հարցում, ինչպես նշեցինք՝ ոչինչ չառաջարկելու դիմաց գործընկերներին չափազանց շատ պահանջներ ներկայացնելու պատճառով:
Սակայն Վիլնյուսը վերջնահանգրվան չէ, և Եվրոպան կփորձի ամեն կերպ շտկել վիճակը: Միայն թե կարիք կա արմատապես վերանայել մոտեցումը: Ըստ ամենայնի, դա ենթադրում է անհատական գործընկերություն յուրաքանչյուր կողմի հետ, ըստ որում այդ գործընկերությունը պետք է ենթադրի որոշակի ծավալով աջակցություն այնպիսի կարևոր հարցերում, ինչպիսիք են քաղաքական, տնտեսական ու սոցիալական արդիականացումը, գումարած նաև անվտանգության բաղադրիչը: Ցանկալի է նաև, որ Եվրոպան մինչ այդ երկխոսություն հաստատի նաև Մոսկվայի հետ՝ վերջինիս համոզելու համար, որ տեղի ունեցողն ամնեևին էլ իր դեմ ուղղված չէ:
Հեղինակ` քաղաքագետ Արմեն Մինասյան
Լրահոս
Տեսանյութեր
Ինչո՞ւ հանկարծ ՀՀ իշխանությունները որոշեցին խլել արցախցիների կենսաթոշակային խնայողությունները