Մի կյանքի պատմություն. Լեզվաբան ու ծաղկավաճառ Վահանը «գող է» (Լուսանկարներ)
«Լավն է կյանքը, ափսոս ծերանում եմ: Երիտասարդ տարիները շատ ճկուն եմ անցկացրել, լավ եմ անցկացրել՝ այստեղ, այնտեղ և ամենուր: Իմ տարեց ընկերները գալիս ու ասում են՝ հիշում ես... Այո, հիշում եմ մեր թռի, վռի, լավ կյանքը: Իսկ այժմ…»:
Իսկ այժմ 64-ամյա Վահան Հարությունյանը փողոցում (Տիգրան Մեծ) ծաղիկ է վաճառում: Լեզվաբան ծաղկավաճառին օգնում է կինը՝ վրացուհի Լիանան: Panorama.am-ի հետ զրույցում Վահան Հարությունյանը ներկայացրեց իր կյանքի անցած ուղին և ի վերջո ինչպես է հասել այստեղ՝ ծաղկավաճառի սեղանի ետնամաս:
Ի դեպ, նա մեծ դժվարությամբ համաձայնվեց հարցազրույց տալ մեզ ու նկարվել. «Ես չեմ ուզում այս տեսքով ներկայանալ: Ուզում եմ սափրված ու գեղեցիկ կոստյում հագած ինձ տեսնեն»: Բայց… Ի վերջո համաձայնվեց. «Աղջիկներին ես չեմ կարող մերժել: Աղջիկներին շատ եմ սիրում» (կինը ժպտում է):
Նախքան հարց տալը նա սկսեց պատմել, թե ինչպես է հանդիպել կնոջը. «Մոսկվայի օդանավակայաններից մեկում էի: Տեսնեմ մի աղջիկ մեկուսի կանգնած է: Մոտեցա և հարցրեցի՝ ի՞նչ է պատահել: Պատասխանեց՝ ուզում եմ գնալ Թբիլիսի կամ Սուխումի, տոմս չկա: Հարցրեցի՝ չեք բարեհաճի ինձ հետ Երևան գալ: Հանկարծակիի եկավ, բայց համաձայնվեց: Արդեն ինքնաթիռում սիրահարվել էինք: Նա էլ է ստեղծագործում: Ինձ մի քանի իր գրած ստեղծագործուններից ներկայացրեց: Ես էլ իմ գրածները ներկայացրեցի: Գալով Երևան՝ նրան թվաց, թե փոքրիկ գյուղ է (նախկին փոքր օդանավակայանի տարածքը), հետո տեսավ, որ շքեղ քաղաք է Երևանը:
Լիանան էլ պատմեց, որ Սուխումից է: Նախքան Հայաստան գալը, ոչ մի բան չի իմացել մեր երկրի մասին: Բայց արդեն 40 տարի է բնակվում է Երևանում ու՝ «դժվարանում եմ պատկերացնել իմ կյանքը մեկ այլ տեղ»: Ավարտել է Սուխումի պետական համալսարանի օտար լեզուների ֆակուլտետը: Երբեք չի աշխատել: Քսան տարի է ծաղիկ է վաճառում:
Զրույցը շարունակեցինք Վահան Հարությունյանի հետ:
-Դուք որտե՞ղ եք սովորել:
-Սովորել եմ Երևանի Պետական համալսարանի արևելագիտության ֆակուլտետի պարսկերենի բաժնում: Շատ լավ տիրապետում եմ պարսկերենին: Պարսիկներն ինձ հետ չեն կարողանում այնպես կատակներ անել, ինչպես ես եմ նրանց հետ անում, երբեմն հոգիների հետ լավ խաղում եմ: Գիտեմ նաև հունարեն, արաբերեն, ֆրանսերեն, վիետնամերեն, ճապոներեն, վրացերեն: Հիմնականում սովորել եմ շփումների միջոցով: Շատ երկրներում եմ եղել: Ամենաշատը սիրում եմ հունարենը, շատ գեղեցիկ լեզու է (խոսքը երբեմն ընդհատում էր՝ տարբեր լեզուներով ոտանավորներ, արտահայտություններ, նախադասություններ ասելով):
-Ինչո՞վ եք զբաղվել, որտե՞ղ եք աշխատել:
-Հիմնականում աշխատել եմ որպես գիտ սիմպոզիումների ժամանակ: Աշխատել եմ «Պիոներ կանչ»-ում, սակայն հիվանդությունը խեղդեց, ստիպեց, որ կիսով չափով հրաժարվեմ աշխատանքից: Կատարել եմ թարգմանություններ, գրել ստեղծագործություններ: Հովհաննես Շիրազի «Հայոց դանթեականը» պարսիկ թարգմանիչ Նիզամ Խալիի հետ պարսկերեն ենք թարգմանել: Այլ թարգմանիչների հետ էլ եմ աշխատել: Ես միշտ գտել եմ իմ ապրուստի միջոցը:
Պատվերներով երգերի տեքստեր եմ գրել: Հետո սկսեցի վաճառել կասետներ: Հավաքում էի իմ տեքստերի հիման վրա գրված երգերը մի կասետում ու վաճառում: Այնպիսի երգեր էի դնում, որ անցորդները չէին կարողանում անտարբեր անցնել: Եթե պարսիկ էր անցնում, այնպես էի անում, որ անպայման մի կասետ գնում էր: Հիշում եմ՝ աշնանային գեղեցիկ մի օր զբաղված էի իմ կասետներով: Մեկ էլ շորտիկով մի կին եկավ, նայեց իմ կասետներին: Հասկացա, որ արտասահմանցի է: Որոշեցի հարց տալ ֆրանսերենով: Բայց նա պատասխանեց, որ Իտալիայից է: Հարց տվեցի իտալերենով: Մի կասետ նվիրեցի՝ հայկական երգեր էին: Այնուհետւ թևանցուկ տարա իր ամուսնու մոտ: Բոլորը զարմացած նայում էին՝ Վահանը, շորտիկով տիկինը և նրա ամուսինը:
Եկավ մի շրջան, որ կասետներն արդեն լավ չէին վաճառվում: Հետո կինս սկսեց իմ կողքին կագնել ու ծաղիկներ վաճառել: Այդպես ես սկսեցի այլևս կասետներ չվաճառել ու կնոջս հետ մասին ծաղիկներ ենք վաճառում: Կարող է վաղն ուրիշ բան ծախեմ, բայց իմ պատիվն ու հարգանքը չեմ վաճառի:
Հիմա էլ գրում եմ: Առաջ ես էի տանում, որ տպեին, հիմա եթե իրենք գան, գան, ես չեմ տանում, հոգնել եմ:
Շատ եմ սիրում զրուցել: Ես մարդ սիրող, հարգող մարդ եմ: Ախ եմ անում, որ ամեն մեկի հետ ծանոթանամ: Ամեն մարդ յուրովի է մտածում, արտահայտվում: Ամեն մեկից մի բան գողանում եմ: Մի խոսքով ասած՝ գող եմ:
Ծանոթ եմ եղել Հովհաննես Շիրազի, Սարմենի հետ: Նրանց ցույց էի տալիս իմ գրածները: Չհասցրեցի ծանոթանալ Պարույր Սևակի հետ: Այդ ժամանակ նա Գրողների միության քարտուղարն էր, ամաչում էի գնալ մոտը:
-Դուք գո՞հ եք այսօրվա ձեր «աշխատանքից»:
-Եթե փող աշխատելու համար եք ասում, ես մի հատ պտտվեմ այս կողմերում իմ փողը կաշխատեմ: Ոչ միայն ծաղիկ վաճառելով: Դա իմ անձնական գաղտնիքներն են՝ ապրել և օգնել մարդկանց, և հոգեպես, և ֆիզիկապես:
-Ինչպիսի՞նն է այսօրվա Երևանը:
-Հիմա էլ հետաքրքիր է, բայց հինն ավելի լավն էր: Հիմա շատ է փոխվել, խճճվել, ամեն մեկը մյուսի մեջ է հագել: Ազատ տարածություն քիչ կա:
Աղջիկ, շատ խնդրում եմ, կգրես իմ կոստյումի մասին, որ անպայման ուզում էի կոստյումս հագած ձեզ հետ զրուցել ու նկարվել: Երիտասարդ տարիներին շատ լավ եմ հագնվել. մի միջոցառման ժամանակ մի բան էի հագնում, մյուսի ժամանակ մեկ այլ բան: Հիմա ունեմ մի կոստյում, որ բոլորը, ովքեր տեսնում են հագած՝ ասում են, որ այն մենակ ինձ է սազում: Կրծքի վրա կոսմոպոլիտենի նշան կա, որը շատ է գեղեցկացնում և կոստյումը, և ինձ (ժպտում է): Երբ այն կրում եմ, բոլորն ասում են՝ այ հիմա իսկսկան դու ես:
Մի բան էլ, խնդրում եմ գրի՝ ովքեր կանցնեն իմ մոտով, թող մի պահ կանգնեն, ծանոթանանք ու նոր գնան: