87 մլն դրամը` Երևանի դրոշակազարդման աշխատանքների համար Վահագն Խաչատրյանը շռայլություն է համարում
Երևան քաղաքի 2014 թվականի բյուջեի նախագծով նախատեսված է 87 մլն դրամ հատկացնել դրոշների տեղադրում ծրագրին: Այն իր մեջ ներառում է ինչպես հատուկ օրերին քաղաքի դրոշակազարդման աշխատանքները, այնպես էլ քաղաքի տարբեր հատվածներում ՀՀ դրոշների տեղադրումը, պարբերաբար փոխարինումը: 2014-ի բյուջեի վերաբերյալ Երևանի քաղաքապետի ուղերձում նշված է, որ նախորդ տարվա համեմատ այդ գումարն ավելացել է 3 մլն դրամով: Ուղերձում հիմնավորումներ չկան, թե ինչու է նախորդ տարվա համեմատ թիվն ավելացել:
1992-96 թվականներին մայրաքաղաքը ղեկավարած Վահագն Խաչատրյանը դա շռայլություն է համարում: Հիշում է, որ իր ղեկավարման տարիներին իրենց նման ճոխություն թույլ չեն տվել: Ասում է, ցանկություն ունեցել են տոները նշելու, բայց նախ հնարավորություններ չկային, ապա` խուսափել են նման ճոխություններից. «Ի վերջո մեր երկրում սոցիալ-տնտեսական վիճակն այն չէ, մարդկանց տրամադրություններն այն չեն»:
Տնտեսագետն այն կարծիքին է, որ մեր իշխանությունները վաղվա օրվա մասին չեն մտածում:
«Շատ հնարավոր է, որ 87 միլիոնի փոխարեն լիներ 157 միլիոն դրամ: Չգիտեմ էլ, դրոշակները կդրվեն, թե չեն դրվի»,-ասաց Վ. Խաչատրյանը: Նա հետևել է անկախության տարեդարձի միջոցառումներին, ասում է, զարդարանք տեսել է միայն Օպերայում ու դրա հարակից տարածքում, Երևան-Էրեբունի տոնակատարության ժամանակ մտածել է, որ դա ՀՀ անկախության տոնից կարևոր բան է:
Խաչատրյանը շռայլություն է համարում նաև տոնական ձևավորում ծրագրով 55 մլն դրամի ծախսը, որով նախատեսվում է տոնական լույսեր և սարքավորումներ ձեռք բերել:
Երևանի քաղաքապետարանը հրավիրում է բոլոր շահագրգիռ ֆիզիկական և իրավաբանական անձանց մասնակցելու նոյեմբերի 18-ից մինչև դեկտեմբերի 2-ը ներառյալ կազմակերպվող հանրային քննարկումներին։ Խաչատրյանն ասում է, որ չի մասնակցելու. «Ցանկություն չունեմ, իմաստ էլ չունի»: Նրա կարծիքով, հանրային քննարկում անցկացնելը հասարակության համար աչքակապության նման մի բան է:
«Հիմա որ հանրային քննարկում արեցին, ասացի տրանսպորտի գինը մի բարձրացրեք, չե՞ն բարձրացնելու»,-ասաց նա:
Լրահոս
Տեսանյութեր
Ինչո՞ւ հանկարծ ՀՀ իշխանությունները որոշեցին խլել արցախցիների կենսաթոշակային խնայողությունները