Թուրքագետ. Թուրքիայի՝ «զրո խնդիր հարևանների հետ» քաղաքականությունը ձախողվել է
«Հայ-թուրքական բանակցությունները վերականդանցնելու փորձերը, սիրիական ճգնաժամի հետ կապված զարգացումները և քրդական խնդրի բարձրացումը թույլ են տալիս արձանագրել, որ Թուրքիայի՝ «զրո խնդիր հարևանների հետ» քաղաքականությունը ձախողվել է»,- այսօր լրագրողների հետ հանդիպմանը նման տեսակետ հայտնեց թուրքագետ Անուշ Հովհաննիսյանը:
Նա վկայակոչեց Թուրքիայի արտգործնախարար Ահմեդ Դավութօղլուի հայտարարությունը, թե Թուրքիայի համար երեք արտաքին քաղաքական խնդիրներ կան՝ Հայաստանի, Կիպրոսի և Սիրիայի խնդիրները, որոնք դեռ լուծում չեն ստանում:
«Որպես լակմուսի թուղթ հանդես է գալիս Թուրքիայի մերձավորարևելյան քաղաքականությունը: Մերձավոր Արևելքում Թուրքիայի կատարած խաղադրույքներն իրենց չեն արդարացրել: Սիրիայի հարցում Բաշար Ասադի տապալումից հետո առաջին ջութակի դերը ստանձնելու Թուրքիայի ակնկալիքները չիրականացան, դրան խանգարեցին ռուսական և ամերիկյան նախաձեռնությունները: Թուրքիան ստիպված համաձայնեց Սիրիայի հարցով Ժնև-2 համաժողովին, որին երկար ընդդիմանում էր: Ի վերջո համաձայնեց, քանի որ կարող էր դուրս մնալ գործընթացից»,- նշեց բանախոսը:
Ինչ վերաբերում է հայ-թուրքական հարաբերություններին՝ թուրքագետը համոզմունք հայտնեց, որ Թուրքիայի ակտիվությունը պայմանավորված է Հայոց ցեղասպանության 100-ամյակի հետ, և որքան մոտենա տարելիցն, այնքան Թուրքիան կփորձի ակտիվանալ:
Բանախոսն անդրադարձավ հայ-թուրքական հարաբերությունների կարգավորման վերաբերյալ Ահմեդ Դավութօղլուի վերջին հայտարարություններին և կարծիք հայտնեց, որ հայ-թուրքական սահմանի բացման խնդիրը նաև գործիք է Ադրբեջանի վրա ճնշումներ գործադրելու առումով:
««Մի ազգ, երկու պետություն» հայտարարությունները հռետորաբանություն են: Իրականում Թուրքիան կախվածություն ունի ադրբեջանական էներգակիրներից: Ադրբեջանը շահարկեց այդ գործոնը՝ ասելով, որ կարող է մեծ պայմանագրեր կնքել Ռուսաստանի հետ և ակնարկեց, որ Ադրբեջանը շատ էժան գնով է վաճառում էներգակիրները Թուրքիային: Հիմա հայ-թուրքական արձանագրությունների առկախյալ լինելը Թուրքիային թույլ է տալիս Ադրբեջանի հետ սակարկել այս կամ այն խնդիրը»,- ասաց Ա. Հովհաննիսյանը՝ հավելելով, որ հայ-թուրքական սահմանի բացման վերաբերյալ Թուրքիայից հնչող հայտարարությունները կապված են նաև Եվրամիության և Թուրքիայի միջև անդամակցության շուրջ բանակցությունների վերսկսման հետ:
Անդրադառնալով Թուրքիայի վարչապետ Ռեջեփ Թայիփ Էրդողանի և ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինի հանդիպմանը, որի ժամանակ քննարկվել է նաև Լեռնային Ղարաբաղի խնդիրը, բանախոսը փաստեց, որ տարածաշրջանում Թուրքիայի և Ռուսաստանի միջև «զինադադարը» խախտվում է հօգուտ Ռուսաստանի, և որքան էլ Թուրքիան և Ռուսաստան տնտեսական խոշոր գործընկերն են, շարունակում են մնալ լուրջ մրցակիցներ:
«Ռուսաստանն առայժմ թույլ չի տա Թուրքիային չափից շատ ակտիվանալ այն ոլորտում, որը իր մենաշնորհն է համարում»,- ասաց Անուշ Հովհաննիսյանը: