Իրանագետ. Ժնևյան համաձայնագիրը կնպաստի տարածաշրջանում խաղաղության և անվտանգության ապահովմանը
Նոյեմբերի 23-ին տեղի ունեցավ պատմական իրադարձություն. Երկարամյա փակուղային իրավիճակից հետո Իրանի և «5+1 խմբի» միջև ձեռք բերվեց երկար սպասված համաձայնությունը: Թեմայի առնչությամբ պարզաբանումներ ստանալու նպատակով Panorama.am-ը զրուցել է իրանագետ Արմեն Իսրայելյանի հետ:
«Ժնևյան համաձայնությունից շահեցին բոլոր կողմերը. սույն համաձայնագրի դրույթները հավասարապես բխում են բանակցող կողմերի շահերից»,-մեզ հետ զրույցում նշեց Իսրայելյանը և ներկայացրեց համաձայնագրի կարևորագույն դրույթները:
1. Իրանը հայտարարում է, որ 6 ամսվա ընթացքում ուրանը 5 տոկոսից ավել չի հարստացնի
2. Իրանի պետրոքիմիական արտադրանքի արտահանման և ոլորտի հետ կապված այլ ծառայությունների նկատմամբ սահմանված պատժամիջոցների կասեցում
3. Ոսկու և թանկարժեք մետաղների ոլորտում առկա սահմանափակումների կասեցում
4. Ավտոմոբիլային արդյունաբերության ոլորտի նկատմամբ ԱՄՆ-ի սահմանած պատժամիջոցների կասեցում
5. Իրանի քաղաքացիական ինքնաթիռների համար անվտանգ թռիչքներ ապահովելու նպատակով համապատասխան սերտեֆիկատի և անհրաժեշտ պահեստամասերի տրամադրում
6. ՄԱԿ-ի ԱԽ կողմից Իրանի նկատմամբ նոր պատժամիջոցներ չպետք է կիրառվեն
7. ԵՄ-ի կողմից Իրանի նկատմամբ նոր պատժամիջոցներ չպետք է կիրառվեն
8. ԱՄՆ-ի կառավարությունը նախագահի և Կոնգրեսի իրավասությունների շրջանակներում ձեռնպահ է մնալու Իրանի նկատմամբ նոր պատժամիջոցներ կիրառելուց
«Սա դեռ մեծ գործընթացի սկիզբն է. Բանակցող կողմերը դեռ երկար ճանապարհ պետք է անցնեն. Համաձայն պայմանավորվածության՝ կողմերը վերջնական համաձայնության պետք է հասնեն քայլ առ քայլ. Առաջին փուլի համար նախատեսված է 6 ամիս ժամանակ, այդ ընթացքում պետք է տեղի ունենան ինչպես երկկողմ, այնպես էլ բազմակողմ բանակցություններ, որոնք ի վերջո պետք է հանգեցնեն համապարփակ համաձայնագրի ստորագրմանը»,-նշեց Իսրայելյանը:
Շարունակելով խոսքը իրանագետը հավելեց. «Իմ մատնաշած դրույթներն ի կատար ածվելու պարագայում կարծում եմ շատ կարճ ժամանակում էական առաջընթաց կարձանագրվի Իրան-Արևմուտք հարաբերություններում: Ժնևյան համաձայնությունը միջազգային հարաբերություններում կարևոր իրադարձություն էր. Անկասկած այն իր դրական ազդեցությունը կունենա աշխարհում, մասնավորապես կնպաստի մերձավորարևելյան տարածաշրջանում անվտանգության և կայունության ապահովմանը»:
Լրահոս
Տեսանյութեր
Ինչո՞ւ հանկարծ ՀՀ իշխանությունները որոշեցին խլել արցախցիների կենսաթոշակային խնայողությունները