Հովիկ Աբրահամյան. Բոլոր նախադրյալները կան՝ հասնելու Արցախի հարցի հայանպաստ լուծմանը
ԼՂ հարցի շուրջ բանակցային գործընթացը շարունակվում է, և ես ուզում եմ վստահեցնել ձեզ, որ անկախ հարևան Ադրբեջանի կողմից հնչեցվող ռազմատենչ հայտարարություններից ու սպառնալիքներից՝ մենք ամեն ինչ անելու ենք՝ հասնելու Արցախի հարցի հայանպաստ լուծմանը: Այս մասին հայտարարել է ԱԺ նախագահ Հովիկ Աբրահամյանը արգենտինահայ կազմակերպությունների ներկայացուցիչների հետ հանդիպման ժամանակ:
«Դրա բոլոր նախադրյալները կան՝ ի դեմս հայկական իշխանությունների քաղաքական կամքի, հայկական մարտունակ զինված ուժերի և միջազգային հանրության մեջ աստիճանաբար գերակա դարձող այն համոզման, որ Լեռնային Ղարաբաղը չի կարող լինել Ադրբեջանի կազմում»,-ԱԺ հասարակայնության հետ կապերի վարչության փոխանցմամբ, ասել է Հ. Աբրահամյանը:
Նրա խոսքով, Հայաստան-Արցախ-Սփյուռք եռամիասնությամբ հայ ժողովուրդն առավել քան հզոր է և ավելի արդյունավետ կարող է իրականացնել իր համազգային ծրագրերը:
«Համոզված եմ, որ մենք բոլորս Հայաստանում, թե՛ Արցախում, Արգենտինայում, թե՛ հայաշատ որևէ այլ երկրում, համատեղ ուժերով կարող ենք ավելի հզորացնել հայկական երկու պետությունները՝ Հայաստանի ու Լեռնային Ղարաբաղի հանրապետությունները, հզորացնել հայկական սփյուռքը՝ միմյանց սատարելով ու թիկունք լինելով»,- ասաց ԱԺ նախագահը:
Լրահոս
Տեսանյութեր
Եթե Ադրբեջանը վստահ է, ինչո՞ւ է դատական գործընթացները դադարեցնելու մասին գաղափար առաջ քաշում