Հայաստանն ու ԱՄԷ-ն մաքսային գործերում համագործակցության մասին համաձայնագիր են ստորագրել
ՊԵԿ պատվիրակությունը` կոմիտեի նախագահ Գագիկ Խաչատրյանի գլխավորությամբ օրերս մասնակցել է Արաբական Միացյալ Էմիրությունների Աբու Դաբի քաղաքում կայացած Համաշխարհային մաքսային կազմակերպության «Տնտեսական մրցունակություն» թեմայով տարածաշրջանային համաժողովին:
ՀՀ ԿԱ ՊԵԿ տեղեկատվության և հասարակայնության հետ կապերի բաժնի հաղորդմամբ, միջոցառման ընթացքում քննարկվել են մաքսային ընթացակարգերի ներդաշնակեցման ուղղությամբ արձանագրված ձեռքբերումները, ներդաշնակեցման իրականացման ճանապարհին ի հայտ եկող մարտահրավերները` հաշվի առնելով նաև Կիոտոյի վերանայված կոնվենցիայի դրույթները:
Համաժողովի ավարտից հետո ՊԵԿ նախագահ Գագիկ Խաչատրյանը և ԱՄԷ դաշնային մաքսային ծառայության գլխավոր տնօրեն Խալիդ Ալ Բուստանին «Հայաստանի Հանրապետության կառավարության և Արաբական Միացյալ Էմիրությունների կառավարության միջև մաքսային գործերում համագործակցության և փոխադարձ օգնության մասին» երկկողմանի միջկառավարական համաձայնագիր են ստորագրել, որը իրավական հիմք կապահովի երկու երկրների մաքսային ծառայությունների միջև անմիջական համագործակցության և շփումների համար:
Ըստ աղբյուրի, այն հնարավորություն կընձեռի իրականացնել տեղեկատվության անմիջական փոխանակում, համատեղ քայլեր մաքսանենգության և մաքսային կանոնների խախտման դեմ պայքարում, կազմակերպել փորձի փոխանակում և համատեղ ուսումնական միջոցառումներ` նպաստելով երկու երկրների միջև առևտրատնտեսական կապերի զարգացմանը և առևտրային հոսքերի աճին:
Հանդիպման ընթացքում պայմանավորվածություն է ձեռք բերվել ստեղծել համատեղ աշխատանքային խումբ, որը կհամակարգի Համաձայնագրի կիրարկման հետ կապված բոլոր աշխատանքները:
ԱՄԷ դաշնային մաքսային ծառայության գլխավոր տնօրենն ընդունել է ՊԵԿ նախագահի` հաջորդ բարձրաստիճան երկկողմանի հանդիպումն Հայաստանում անցկացնելու հրավերը:
Լրահոս
Տեսանյութեր
ՈւՂԻՂ. Տրանսպորտը թանկացնում են նախկինների մերժած հաշվարկով. Պիպոյանը փաստաթղթեր է հրապարակում