«Ժառանգությունն» առաջարկում է կարգազանց համարել ուրիշի փոխարեն քվեարկող պատգամավորին
Ազգայի ժողովի «Ժառանգություն» խմբակցությունը ԱԺ կանոնակարգ օրենքում փոքրիկ փոփոխություն է ներկայացրել, որով առաջարկում է կարգազանց համարել այն պատգամավորներին, ովքեր կքվեարկեն գործընկերների փոխարեն: Օրինագիծը դրական եզրակացություն է ստացել ԱԺ Պետա-իրավական հարցերի մշտական հանձնաժողովի կողմից և գտնվում է խորհրդարանի նիստերի օրակարգում:
Նկատենք, որ Հայաստանի Ազգային ժողովում մեկը մյուսի փոխարեն գրանցումը կամ քվեարկությունները տարածված բնույթ են կրում, հենց խորհրդարանական մեծամասնության՝ ՀՀԿ-ի կողմից: Ավելին դա արվում է ակնհայտ, ու այդ քվեարկությունները բազմիցս արձանագրել են տեսախցիկները:
Ազգային ժողովի կանոնակարգ օրենքը կարգազանց պատգամավոր է համարում նրանց, ովքեր նիստի ընթացքում աղմկում են, վիրավորական արտահայտություններ են անում, չեն կատարում Ազգային ժողովի նիստը վարողի` ԱԺ կանոնակարգ օրենքից բխող պահանջները և կատարում են այդ օրենքով սահմանված կարգը խախտող այլ գործողություններ: «Ժառանգություն» խմբակցության բոլոր երեք պատգամավորները՝ Զարուհի Փոստանջյանը, Թևան Պողոսյանը և Ռուբեն Հակոբյանը, առաջարկում են այս ցանկին ավելացնել նաև «գրանցվում կամ քվեարկում են բացակա պատգամավորի փոխարեն» նախադասությունը, այսինքն՝ կարգազանց կհամարվեն այն պատգամավորները, ովքեր «գրանցվում կամ քվեարկում են բացակա պատգամավորի փոխարեն»:
Նախագծի հիմնավորումներում խմբակցությունը նշել է, որ նման նորմի բացակայությունը վկայում է այն մասին, որ բացակա պատգամավորի փոխարեն կարող է գրանցվել և քվեարկել նիստին ներկա որևէ այլ պատգամավոր: Առաջարկվող լրացմամբ բացակա պատգամավորի փոխարեն գրանցվող և քվեարկող պատգամավորը համարվում է կարգազանց պատգամավոր, որի նկատմամբ նիստը վարողը պետք է ձեռնարկի Ազգային ժողովի կանոնակարգ օրենքով սահմանված կարգապահական միջոցները: Ըստ օրենքի, կարգազանց պատգամավորի նկատմամբ նիստը վարողը ձեռնարկում է հետեւյալ կարգապահական միջոցները՝
ա) զգուշացում՝ անունը, ազգանունը հրապարակելով.
բ ) խոսափողի անջատում.
գ) մեկ նիստում խոսափողից հանդես գալու իրավունքից զրկում.
դ) հեռացում` մինչեւ տվյալ օրվա ավարտը կայանալիք նիստերից` դահլիճում ներկա լինելուց.
ե) զրկում` մինչև 6 օր Ազգային ժողովի նիստերի դահլիճում ներկա գտնվելու իրավունքից, բացառությամբ այն օրերի, երբ նիստեր չեն գումարվում:
«Ժառանգություն» խմբակցության ղեկավար Զարուհի Փոստանջյանը Panorama.am-ի թղթակցի հետ զրույցում ասաց, որ այս փոփոխության անհրաժեշտությունը վաղուց է եղել: Նա կարծում է, որ այս փոփոխությամբ հնարավոր կլինի կանխել մեկը մյուսի փոխարեն քվեարկելու կամ գրանցվելու` պատգամավորների շրջանում տարածված «արատավոր» երևույթը: