Շվեդիայի ԱԳՆ. Մոլդովան Հայաստանի և Ուկրաինայի նման կարող է հրաժարվել Եվրամիության հետ ինտեգրումից
Մոլդովան Հայաստանի և Ուկրաինայի նման կարող է հրաժարվել Եվրամիության հետ ինտեգրումից: Այս մասին «Moldinfo» լրատվական գործակալության փոխանցմամբ, հայտարարել է Շվեդիայի արտգործնախարար Կարլ Բիլդտը:
Նա ընդգծել է, որ Մոլդովան պետք է իմանա, որ լիակատար իրավունք ունի ինքնուրույն կատարել այս կամ այն կառույցի օգտին ընտրությունը: Շվեդիայի արտգործնախարարը կարևորել է եվրոպացի պաշտոնյաների կողմից Վիլնյուսի գագաթաժողովից առաջ Մոլդովայի իշխանություններին այդ մասին հիշեցնելը:
Աղբյուրը ներկայացրել է Մերձդնեստրի անկախ քաղաքագետների ասոցիացիայի ղեկավար Անդրեյ Սաֆոնովի մեկնաբանությունը, որ նոյեմբերի վերջում Վիլնյուսում կայանալիք «Արևելյան գործընկերության» գագաթաժողովից հետո Մերձդնեստրի և Մոլդովայի միջև հարաբերությունները կլարվեն, քանի որ եվրաինտեգրման հարցում շահագրգռված են միայն Մոլդովայի իշխանությունները:
Քաղաքագետը համոզմունք է հայտնել, որ ԵՄ հետ Ասոցացման համաձայնագրի նախաստորագրումից հետո Մերձդնեստրի և Մոլդովայի օրենսդրությունները ավելի շատ կտարբերվեն, իսկ Բրյուսելը կպնդի Մերձդնեստրը ներառել Մոլդովայի Հանրապետության կազմի մեջ:
Հիշեցնենք, որ Վիլնյուսում նոյեմբերի 28-29-ին նախատեսված «Արևելյան գործընկերության» գագաթաժողովից մեկ շաբաթ առաջ Ուկրաինայի կառավարությունը հայտարարել է, որ դադարեցնում է Եվրամիության հետ Ասոցացման և Խորը ու համապարփակ ազատ առևտրի մասին համաձայնագրի ստորագրման նախապատրաստական աշխատանքները:
Որոշումն, ի շարս այլոց, հիմնավորվել է Ռուսաստանի և ԱՊՀ-ի հետ տնտեսական հարաբերությունների զարգացման անհրաժեշտությամբ, քանի որ հակառակ դեպքում ուկրաինական տնտեսությունը կարող է լուրջ կորուստներ ունենալ, որոնք չեն փոխհատուցվում ԵՄ հետ Ասոցացման և ազատ առևտրի համաձայնագրով:
Ավելի վաղ՝ սեպտեմբերի 3-ին, Մոսկվայում Հայաստանի և Ռուսաստանի ղեկավարներն ընդունել են համատեղ հայտարարություն, ըստ որի Հայաստանը մտադիր է միանալ Մաքսային միությանը և հետագայում մասնակցել Եվրասիական տնտեսական միության ձևավորմանը:
Լրահոս
Տեսանյութեր
Ուզում են երկիրը Հյուսիսային Կորեա սարքեն, մենք էլ դառնանք իրենց համբալները. Բողոքի ակցիա