«ԼՂՀ ՊԲ-ն զինված ուժերում կորուստները նվազագույնի հասցնելու ուղղությամբ հետևողական քայլեր է ձեռնարկում»
ԼՂՀ ՊԲ հրամանատարությունը զինված ուժերում արտակարգ դեպքերից խուսափելու և կորուստները նվազագույնի հասցնելու ուղղությամբ հետևողական քայլեր է ձեռնարկում: Անդրադառնալով ԼՂՀ ՊԲ-ում գրանցված մահվան ելքով միջադեպերին, «Արմենպրես»-ի հետ զրույցում այս մասին նշել է ԼՂՀ պաշտպանության նախարար, պաշտպանության բանակի հրամանատար Մովսես Հակոբյանը:
«Յուրաքանչյուր զինվորի կորուստը Պաշտպանության բանակի հրամանատարության համար մեծ ցավ է, քանի որ նա մեզ համար ոչ միայն սոսկ զինվոր է, այլև որդի, եղբայր և վերջապես հայ մարդ, ով կենդանի լինելու դեպքում կարող էր դառնալ ընտանիքի հայր, ունենար հզոր ապագա և իր կարողություններով սեփական ավանդը բերեր մեր հայրենիքի շենացման գործին: Սակայն մեր տարածաշրջանում տիրող ոչ պատերազմ, ոչ խաղաղություն իրավիճակը՝ մի կողմից, և բանակային ծառայության առանձնահատկությունները՝ մյուս կողմից, կամա թե ակամա ենթադրում են նաև անսպասելի զարգացումներ, որոնց արդյունքում արձանագրվում են անցանկալի դեպքեր, այդ թվում, ցավոք, նաև՝ մահվան ելքով: Պետք է ասեմ, որ չնայած վերոնշյալ պատճառներին, ՊԲ հրամանատարությունը շարունակ քայլեր է ձեռնարկում հնարավորինս խուսափել նման արտակարգ դեպքերից և կորուստները հասցնել նվազագույնի: Ասեմ, որ նախորդ տարիների համեմատ` 2012թ-ին արձանագրված կորուստները եղել են ամենանվազագույնը, իսկ այս տարի` 2012-ի համեմատությամբ, ՊԲ-ում զոհերի եւ վիրավորների թիվը նվազել է 40%-ով: Բայց այս նվազումը մեզ համար ամենևին էլ չափանիշ չէ: Մեզ համար չափանիշ է այն իրավիճակը, երբ բանակում ընդհանրապես կբացառվեն մահվան ելքով դեպքերը: Սա չափազանց դժվար, բայց լուծելի խնդիր է»,- նշել է Մովսես Հակոբյանը:
Ինչ վերաբերում է խաղաղ պայմաններում գրանցված զոհերի խնդրին, ապա ըստ Մովսես Հակոբյանի, դրանից խուսափելու համար «զինվորը պետք է գիտակցի իր վրա դրված պատասխանատվության ծանրությունը և այն սուրբ առաքելության իմաստը, որը վերապահված է նրան կատարելու»:
«Իսկ այդ գիտակցությունը մեկ օրում կամ մեկ տարում չէ, որ հնարավոր է ձևավորել մարդու մեջ: Սա մի երկարատև ու բազմակողմանի գործընթաց է, որը սկիզբ է առնում ընտանիքից, այն միջավայրից, որտեղ նա սովորել է կողքինի հետ շփվելու այբուբենը, անցել է դպրոցում մատուցվող ռազմահայրենասիրական դաստիրակության քուրայով և վերջապես, հասարակությունից ստացել է այն, ինչն անհրաժեշտ է հայրենիքի արժանի զավակ դառնալու համար... Բանակն այն հանգրվանն է, ուր մարդու մեջ հղկվում և ամբողջանում են նշված հատկանիշները և իհարկե, դրանց զուգահեռ ուսուցանվում ամենակարևորը՝ զինվորական գործը: Այսուհանդերձ, ես ամենևին էլ հակված չեմ թեթևացնելու այն պատասխանատվության բեռը, որն ընկած է բանակի բոլոր օղակների հրամանատարների վրա, քանի որ զինվորի անվտանգ ու օրինակելի ծառայության համար թիվ մեկ պատասխանատուն հենց հրամանատարն է... Բայց նորից եմ կրկնում, այստեղ իր բաժին անելիքն ունի նաև հասարակությունը»,- ասել է Մովսես Հակոբյանը:
Լրահոս
Տեսանյութեր
Փաշինյանը դավшճան է, ուրախանում է, որ մեր երեխաները զnhվnւմ են. Զոհված զինծառայողի մայր