«Հակառակորդի կողմից հասցված յուրաքանչյուր կորստի դիմաց ադրբեջանական բանակը ստացել է 5 զոհ կամ վիրավոր»
Հակառակորդի կողմից հասցված յուրաքանչյուր կորստի դիմաց ադրբեջանական բանակը ստացել է 5 զոհ կամ վիրավոր: Անդրադառնալով ադրբեջանական կողմից իրականացվող սադրանքներին`«Արմենպրես»-ի հետ զրույցում այս մասին նշել է ԼՂՀ պաշտպանության նախարար, պաշտպանության բանակի հրամանատար Մովսես Հակոբյանը:
«2012 և 2013 թվականներին հակառակորդի կողմից մեզ հասցված յուրաքանչյուր կորստի դիմաց ադրբեջանական բանակը ստացել է 5 զոհ կամ վիրավոր: Բայց և այնպես, չնայած նման վիճակագրության, ի տարբերություն ադրբեջանական կողմի, մեզ համար անընդունելի է անգամ մեկ հայ զինվորի կորուստը»,- ասել է Մովսես Հակոբյանը:
«Ես քանիցս նշել եմ, որ ադրբեջանական կողմի նման պահվածքը նպատակային է և այն ուղղված է տարածաշրջանային լարվածության պահպանմանը: Դիվերսիոն գործողությունների մասով, պետք է ասեմ, որ նախորդ տարիների համեմատ դրանք ակնհայտ նվազել են, ինչը պայմանավորված է շփման գծում մեր զորքերի կողմից անընդհատ դրսևորվող մարտական ու բարոյահոգեբանական բարձր պատրաստականությամբ: Իսկ ինչ վերաբերում է հրադադարի խախտման դեպքերին, ապա դրանք հակառակորդի համար, պարզապես դարձել են վատ սովորույթ: Մեր առաջապահ ուժերը հետևում և վստահորեն վերահսկում են շփման գծում տիրող իրավիճակը և պատասխան գործողության են դիմում միայն ծայրահեղ անհրաժեշտության դեպքում»,- հավելել է բանախոսը:
Ինչ վերաբերում է Ադրբեջանի ռազմական բյուջեի տարեցտարի ավելացմանը, ապա դա, ըստ Մովսես Հակոբյանի, չի կարող խախտել ուժերի հավասարակշռությունը:
«Ռազմական բյուջեի ծավալային աճը դեռևս չի նշանակում ուժերի հավասարակշռության խախտում, մանավանդ, եթե հաշվի առնենք, որ դրանում նախատեսված ծախսային հատկացումները նպատակաուղղված են այն միջոցների ձեռք բերմանը, որոնց համարժեքն արդեն առկա է մեր զինանոցում: Ասեմ, որ ի տարբերություն Ադրբեջանի, որն իր քարոզչական խողովակով անընդհատ փորձում է ցանկալին ներկայացնել իրականի փոխարեն, մենք հակառակը՝ հանգիստ ու անշշուկ շարունակում ենք հարստացնել և կատարելագործել արդեն մեր ձեռքի տակ եղած իրականը: Իսկ սա հզորանալու ամենաարդյունավետ ճանապարհն է, որը տանում է ոչ թե պատերազմի, այլ` խաղաղության»,- նշել է Մովսես Հակոբյանը:
Անդրադառնալով Ստեփանակերտի օդանավակայանի շահագործման դեպքում անվտանգության ապահոման գործաույթներին ԼՂՀ պաշտպանության նախարարը նշել է, որ «նման խնդիր ստանալու դեպքում Արցախի զինված ուժերը պատրաստ են առաջադրանքը կատարել անթերի և լրիվ ծավալով»:
«ԼՂՀ ՊԲ-ն զինված ուժերում կորուստները նվազագույնի հասցնելու ուղղությամբ հետևողական քայլեր է ձեռնարկում»
Լրահոս
Տեսանյութեր
Ուզում են երկիրը Հյուսիսային Կորեա սարքեն, մենք էլ դառնանք իրենց համբալները. Բողոքի ակցիա