ՄԱԿ. «Ժնև-2»-ը տեղի կունենա 2014 թվականի հունվարի 22-ին
ՄԱԿ գլխավոր քարտուղար Բան Կի Մունը հայտարարել է, որ Սիրիայի հարցին նվիրված խաղաղության համաժողովը տեղի կունենա 2014 թվականի հունվարի 22-ին: Սպասվում է, որ Ժնևում առաջին անգամ բանակցությունների սեղանի շուրջ կնստեն Սիրիայի կառավարությունը և ընդդիմությունը: Այս մասին ասվում է ՄԱԿ պաշտոնական կայքում:
Գլխավոր քարտուղարը իր խորը երախտագիտությունն է հայտնել նախաձեռնող կողմերին՝ ԱՄՆ-ին, ՌԴ-ին, ինչպես նաև Սիրիայի հարցով ՄԱԿ և ԱՊԼ հատուկ բանագնաց Լախդար Բրահիմիին՝ կատարված համատեղ աշխատանքի համար:
«Մենք Ժնև կգնանք հույսով: Ժնևի համաժողովը կյանքի կկոչի սիրիացի ժողովրդի ազատության և արժանապատվության օրինական ձգտումները և կերաշխավորի Սիրիայի բոլոր համայքների ապահովությունն ու պաշտպանությունը: Համաժողովի նպատակն է կյանքի կոչել 2012 թվականի հունիսի 30-ին ընդունված Ժնևի կոմյունիկեն, այդ թվում և փոխադարձ համաձայնության վրա հիմնված գործադիր իշխանությամբ օժտված անցումային կառավարող մարմնի ստեղծում, որում կներառվեն նաև զինվորական և անվտանգության մարմինները»,-ասվում է հաղորդագրության մեջ: