«Sky Net» ավիաընկերությունը շուտով Հայաստանում ավիափոխադրումներ կիրականացնի
2011 թ. Հայաստանի ազգային ավիացիոն ասոցիացիայի կողմից ստեղծվել է «Sky Net» ավիաընկերությունը: Ընկերությունն այժմ սեփականության իրավունքով տիրապետում է JetStreem 32 անգլիական արտադրության 19 տեղանոց երկշարժիչ օդանավի:
Ասուլիսում ընկերության գլխավոր տնօրեն Գրիգորի Վարդանյանն ասաց, որ օդանավն ընդունակ է չվերթներ կատարել 1200 կմ շառավիղով, ապահոված է օդանավի բարձր անվտանգությունը: ««Sky Net» ավիաընկերությունը կոչված է Հայաստանում մոտ ապագայում իրականացնել ավիափոխադրումներ` Երևան-Կապան-Երևան, Երևան-Գյումրի-Երևան, Երևան-Ստեփանավան-Երևան և նախկինում Հայաստանի տարածքում կառուցված օդանավակայանների վերագործարկման դեպքում մյուս ուղղություններով: Ընկերությունը պատրաստ է նաև արտաքին չվերթներ իրականացնել` Վրաստան, Իրան»,- տեղեկացրեց նա:
Գ. Վարդանյանը նաև ասաց, որ իրենց ավիաընկերության առաջարկվող ավիափոխադրումների փաթեթը ներառում է նաև այնպիսի ծառայություններ, ինչպիսիք են` տուրիստական տուրեր Հայաստանի տարածքում, ներառյալ հարսանյաց արարողություն օդանավում` թռիչքի ընթացքում, բիզնես կորպորատիվ և բժշկական նկատառումներով չվերթներ: Ծառայությունների արժեքն է` մեկ ժամը 1680 դոլար:
«Հայաստանում պետք է զարգացնել քաղաքացիական, սանիտարական, տուրիստական ավիացիան: Դրա առաջին քայլերն արդեն արվում են»,- ասուլիսում ասաց Հանրային խորհրդի Ֆինանսա-բյուջետային և տնտեսական հարցերով հանձնաժողովի նախագահ Վազգեն Սաֆարյանը:
Վ. Սաֆարյանի խոսքով, Կապանի օդանավակայանն ամենայն հավանականությամբ մոտ ժամանակները կգործարկվի. «Զրուցել եմ Զանգեզուրի պղնձամոլիբդենայի կոմբինատի տնօրենի հետ, պայմանավորվածություն է ձեռք բերվել, պետք է որոշակի քայլեր անեն»:
Նա նաև նշեց, որ Ջերմուկի օդանավակայանի հետ կապված որոշակի խնդիրներ կան: Վ. Սաֆարյանի դիտարկմամբ, կառավարությունը պետք է որոշակի քայլեր ձեռնարկի, քանի որ Ջերմուկը կարևորագույն կենտրոն է` տուրիզմի զարգացման հետ կապված:
Ստեփանակերտի օդանավակայանի հետ կապված, ըստ նրա, միայն քաղաքական լուծման կարիք է զգացվում:
«Այսօր արդեն դրական դինամիկա ենք նկատում, որ ավելանում են ավիաընկերությունները: Պետք է հետամուտ լինել, որ Հայաստանում ներքին ավիացիան զարգանա: Պետք է պետություն-մասնավոր գործընկերությունը դարձնել առարկայական գործառույթ»,- ասաց Վ. Սաֆարյանը: