Իսրայելական ռազմական բազաների համար տարածքի տրամադրումը Ալևին կվերածեր ջիհադի թիրախի. Իսրայելցի փորձագետ
Իրանի միջուկային օբյեկտների նկատմամբ ռազմական հարվածները դեռևս բացառված չեն: Այս մասին ARMINFO լրատվական գործակալությանը տված հարցազրույցում նշել է իսրայելցի փորձագետ Դավիդ Էյդելմանը:
Անդրադառնալով Ժնևում Իրանի և «Վեցնյակի» միջև ստորագրված համաձայնագրի առնչությամբ Իսրայելի վարչապետ Բենյամին Նեթանյահուի հնչեցրած քննադատություններին՝ փորձագետը նշել է, որ վարչապետը չի վստահում Իրանի ղեկավարությանը և չի հավատում նրա խաղաղասիրական նպատակներին, որ Թեհրանը իսկապես որոշել է հրաժարվել միջուկային զենքից: «Նրա մտահոգությունները մեծամասամբ արդարացված են: Առանց միջուկային զենքի էլ Իրանը արդեն 4 հարյուրամյակ է, ինչ վնասում է մեր պետությունը՝ օժանդակություն ցուցաբերելով տարբեր ահաբեկչական կազմակերպությունների: Նեթանյահուն երկար ժամանակ է, ինչ պատրաստվում էր իրանական միջուկային օբյեկտներին ռազմական հարվածներ հասցնել: Նման օպերացիայի նախապատրաստման համար Իսրայելը ծախսել է մոտավորապես չորս միլիարդ դոլար: Իսրայելի ղեկավարությունը առ այսօր այդ օբյեկտներին հարվածելը դիտարկում է որպես հնարավոր տարբերակներից մեկը»,- փորձագետի խոսքերն է փոխանցում «Արմինֆո»-ն:
Փորձագետի գնահատմամբ Ժնևայան համաձայնագիրը ուժեղ հարվածներ է հասցնում Իսրայելի միջազգային դիրքերին, և շատերը երկրի ներսում այն դիտարկում են որպես իսրայելական դիվանագիտության և Նեթանյաուի կառավարության արտաքին քաղաքական կուրսի տապալում:
Աղբյուրի փոխանցմամբ, փորձագետը կասկածանքով է վերաբերում ԻԻՀ միջուկային օբյեկտներին հարվածելու համար Ադրբեջանի տարածքի օգտագործման հնարավորությանը, միաժամանակ չհամաձայնելով այն մտքի հետ, որ իսրայելական ռազամական բազաները գտնվում են Ադրբեջանի տարածքում: «Ավելին, այդպիսի բազաներ գոյություն չունեն, և ամենևին էլ խնդիրն այն չէ, որ պաշտոնական Երուսաղեմը և Բաքուն հերքում են դրանց առկայության մասին լուրերը, խնդիրն այն է, որ ժամանակակից վերահսկողական արբանյակային ալեհավաքների առկայության պայմաններում հնարավոր չէ թաքցնել նման ռազմական օբյեկտների առկայությունը»:
Միաժամանակ Էյդելմանը նաև ավելացրել է, որ Իսրայելի կողմից խելամիտ չէր լինի չքողարկված ռազմական ավիացիոն բազա տեղակայել Ադրբեջանի տարածքում՝ մի պետություն, որի հետ հրեական պետությունը ունի ոչ ամբողջական դիվանագիտական հարաբերություններ:
«Ադրբեջանի համար ոչ խելամիտ կլիներ իսրայելցիներին ռազմական բազաներ տրամադրել այն դեպքում, եթե նրանք նույնիսկ դիվանագիտական ներկայացուցչություն չեն կարող հիմնել Իսրայելում՝ վախենալով տասնյակ արաբական երկրների զայրույթից: Սա անձնապես մուսուլմանական երկրի ղեկավար Իլհամ Ալիևի կողմից ևս խելամիտ չէր լինի, քանի որ այդ դեպքում նա կվերածվեր իսլամական ահաբեկչության, ջիհադի անհատական թիրախի: Իլհամ Հեյդարովիչի մասին կարելի է շատ բան ասել, բայց մի բան հստակ է, նա հաստատ խենթ չէ: Մյուս կողմից էլ Մոսկվայի միջազգային հարաբերությունների պետական ինստիտուտի նախկին դասախոսը քիչ թե շատ հասկանում է միջազգային հարաբերություններից: Սակայն խնդիրը միայն դիվանագիտության մեջ չէ: Եթե ենթադրենք, որ Իսրայելը իր բազաները տեղակայեր լքված սովետական օդանավակայաններում, ապա ո՞վ է պաշտպանելու այդ բազաները Իրանի հնարավոր կանխարգելիչ հարվածներից՝ ադրբեջանական ՀՕՊ-ը՞: Ոչ մեկին չեմ ուզում նեղացնել, բայց ամենայն հարգանքով դա լուրջ չէ»,- եզրափակել է Էյդելմանը:
Լրահոս
Տեսանյութեր
Ուզում են երկիրը Հյուսիսային Կորեա սարքեն, մենք էլ դառնանք իրենց համբալները. Բողոքի ակցիա