«Իտար-Տասս». Ադրբեջանը ԵՄ-ի հետ կստորագրի վիզային ռեժիմի դյուրացման մասին համաձայնագիր
Նոյեմբերի 28-29 Վիլնյուսի գագաթաժողովի շրջանակներում Ադրբեջանը ԵՄ-ի հետ կստորագրի վիզային ռեժիմի դյուրացման մասին համաձայնագիրը: Այս մասին տեղեկացնում է ИТАР ТАСС լրատվական գործակալությունը՝ հղում անելով Ադրբեջանի Արտաքին գործերի նախարարի տեղակալ Մահմուդ Մամեդգուլիևի հայտարարությանը:
«Մենք միանշանակ կստորագրենք վիզային ռեժիմի դյուրացման մասին համաձայնագիրը»,- նշել է փոխնախարար Մամեդգուլիևը:
Վերջինս նաև ավելացրել է, որ նախատեսվում է ԵՄ-ի հետ ստորագրել մի շարք այլ ոլորտների վերաբերող ռազմավարական գործընկերության մասին համաձայնագիր, ինչպես նաև ԵՄ ծրագրերում Ադրբեջանի ներկայությունը ընդլայնող արձանագրություն:
«Եթե մինչև Վիլնյուս մենք կարողանանք ավարտել փաստաթղթերի նախապատրաստական աշխատանքները, ապա դրանք կստորագրվեն Վիլնյուսում, իսկ եթե ոչ, ապա այդ գործընթացը տեղի կունենա ավելի ուշ»,- շեշտել է Մահմուդ Մամեդգուլիևը:
Ըստ տեղեկությունների՝ Վիլնյուսյան գագաթաժողովին ադրբեջանական պատվիրակությունը կգլխավորի նախագահ Իլհամ Ալիևը:
Ավելի վաղ էլ ադրբեջանական կողմը տեղեկացրել էր, որ Ասոցացված անդամության շուրջ որևէ փաստաթուղթ ԵՄ-ի հետ չի ստորագրելու Վիլյնուսում:
Տարբեր փորձագիտական գնահատականների համաձայն այս պահին Բաքվի և ԵՄ-ի հարաբերություններում հիմնականում առավել գերակշռող է էներգետիկ համագործակցության գործոնը, քան այլ բնույթի խնդիրներ:
Կանխատեսվում է, որ այդ համագործակցությունը ավելի առարկայական կդառնա այն բանից հետո, երբ «Շահ Դենիզ» կոնսորցիումը պատրաստակամություն հայտնեց եվրոպական շուկա գազ մատակարարել Տրանսադիրատիկ խողովակաշարով: Հենց դա է պատճառներից մեկը, որ «Արևելյան գործընկերության» նախագծի ադրբեջանական ընկալումը զգալիորեն տարբեր էր այդ նախագծի մասնակից այլ երկրներից:
Լրահոս
Տեսանյութեր
Ուզում են երկիրը Հյուսիսային Կորեա սարքեն, մենք էլ դառնանք իրենց համբալները. Բողոքի ակցիա