Լիանան համալսարան չգնալու համար ժամացույցով վնասել է իրեն, իսկ ոստիկանությանը հոլիվուդյան ֆիլմի սցենար պատմել
Մխ. Հերացու անվան Երևանի պետական բժշկական համալսարանի ուսանողուհի 19-ամյա Լիանա Կ.-ն դասերին չհաճախելու համար ամերիկյան ֆիլմի մի սյուժե է հնարել, ինչի արդյունքում այժմ նրա նկատմամբ քրեական գործ կա հարուցված:
Դասերին չհաճախելու, կրթությունը չշարունակելու նպատակով նա հնարում է իրեն առևանգման մի պատմություն. սեպտեմբերի 16-ին իրենց տան քաղաքային հեռախոսահամարով զանգահարել է իր բջջային հեռախոսահամարին, որն այդ պահին գտնվել է մոր` Արմինե Գ.-ի մոտ, ասել է, թե իրեն քննության են կանչել և տանը դիտավորյալ թողնելով բջջային հեռախոսը, դուրս է եկել տանից և շուրջ 3-4 ժամ շրջել Երևանի տարածքում, որից հետո Երևանի Ազատության փողոցից մեկնել է Աբովյան քաղաք:
Արդեն ժամը 21:30-ի սահմաններում, Աբովյանի 6-րդ միկրոշրջանի կանգառում իջնելով ավտոբուսից սկսել է առևանգման իմիտացիա ստեղծել՝ մեղադրանքի արհեստական ապացույցներ հնարել՝ իր ձեռքի ժամացույցով վնասել է ինքն իրեն, պատճառելով առողջության թեթև վնասի հատկանիշներ չպարունակող մարմնական վնասվածքներ: Այստեղ Լիանային նկատում են մոտակա խանութի մոտ կանգնած տղաները և տեղափոխում Աբովյանի քաղաքային հիվանդանոց: Լիանան ոստիկանությանը հայտնում է կատարվածը՝ ներկայացնելով որպես առևանգման փորձ, ինչի ընթացքում երեք մարդ իրեն վնասվածքներ են հասցրել: Սակայն հետագայում խոստովանում է ճշմարտությունը:
Լիանայի նկատմամբ հարուցվել է քրեական գործ` ՀՀ քրեական օրենսգրքի 333 հոդվածի 2-րդ մասի 1,2 կետի հատկանիշներով՝ «սուտ մատնությունը, որը կատարվել է շահադիտական դրդումներով»: Ըստ օրենսգրքի, այս արարքը պատժվում է ազատազրկմամբ` առավելագույնը հինգ տարի ժամկետով: Կոտայքի մարզի ընդհանուր իրավասության դատարանին մակագրված այս գործի դատաքննության օրը դեռևս հայտնի չէ:
Նյութում անունները փոխված են:
Նկատենք, որ հայաստանյան օրենսդրությամբ հանցագործության մեջ կասկածվողը կամ մեղադրվողը համարվում է անմեղ, քանի դեռ նրա մեղավորությունն ապացուցված չէ ՀՀ քրեական դատավարության օրենսգրքով սահմանված կարգով` դատարանի` օրինական ուժի մեջ մտած դատավճռով:
Լրահոս
Տեսանյութեր
Ինչո՞ւ հանկարծ ՀՀ իշխանությունները որոշեցին խլել արցախցիների կենսաթոշակային խնայողությունները