Մայր Աթոռում տեղի է ունեցել «Լավագույն ուսուցիչ» մրցույթի հաղթողների մրցանակաբաշխությունը
Մայր Աթոռ Սուրբ Էջմիածնում այսօր Ն.Ս.Օ.Տ.Տ. Գարեգին Բ Ծայրագույն Պատրիարք և Ամենայն Հայոց Կաթողիկոսի օրհնությամբ տեղի է ունեցել «Լավագույն ուսուցիչ» ամենամյա հանրապետական մրցույթի 2013 թվականի հաղթողների մրցանակաբաշխության հանդիսությունը: Այս մասին հայտնում են Մայր Աթոռի տեղեկատվական համակարգից:
Հանդիսության կազմակերպիչներին ու մասնակիցներին Ամենայն Հայոց Կաթողիկոսի օրհնությունը և բարեմաղթանքերն է փոխանցել Մայր Աթոռի հոգևոր կրթական հաստատությունների վերատեսուչ, Գևորգյան հոգևոր ճեմարանի տեսուչ Տ. Գևորգ եպիսկոպոս Սարոյանը: Սրբազան Հայրն իր խոսքում նշել է, որ Հայոց Եկեղեցին մշտապես կարևորել է կրթության նշանակությունը հայ ժողովրդի կյանքում` ընդգծելով, որ դարեր շարունակ հայոց վանքերը եղել են նաև դպրոցներ, մշակույթի ստեղծման և պահպանման կենտրոններ: Գևորգ Սրբազանը երախտագիտություն է հայտնել Ամենայն Հայոց Կաթողիկոսին` հայ ուսուցիչների հանդեպ ցուցաբերած հայրախնամ, բարի վերաբերմունքի համար, ապա շնորհակալություն հայտնել նաև ՀՀ ԿԳ նախարարությանը` հատկապես վերջին տարիներին Հայ Եկեղեցու հետ համագործակցության ոգին խորացնելու և զարգացնելու համար:
ՀՀ ԿԳ նախարար Արմեն Աշոտյանի անունից ողջույնի և շնորհավորանքի խոսք է ասել ՀՀ ԿԳՆ հանրակրթության վարչության պետ Նարինե Հովհաննիսյանը: Նա ուրախությամբ ընդգծել է, որ անցկացվող մրցույթը վկայությունն է այն կարևոր հանգամանքի, որ դպրոցը բարի, հանդուրժող և մեծ գիտելիքներով զինված մանկավարժների ձեռքերում է: Նա կարևորեց համագործակցությունը Հայ Առաքելական Եկեղեցու և ՀՀ ԿԳ նախարարության միջև, ինչպես նաև կրթության գործում երեխաների հոգևոր դաստիարակությունը: Շնորհավորելով ուսուցիչներին մրցանակաբաշխության առիթով` ՀՀ ԿԳՆ հանրակրթության վարչության պետն արդյունավոր աշխատանք է մաղթել նրանց:
Տ. Գևորգ եպիսկոպոս Սարոյանն ու Նարինե Հովհաննիսյանը հաղթող ուսուցիչներին հանձնել են մրցույթի մասնակցության վկայականներ, հոգևոր գրականություն և դրամական պարգևներ:
«Լավագույն ուսուցիչ» ամենամյա մրցույթը Մայր Աթոռ Սուրբ Էջմիածնի և ՀՀ Կրթության ու գիտության նախարարության համագործակցության շրջանակներում իրականացվում է արդեն 10 տարի: Այն կազմակերպվում է Մայր Աթոռի բարերար ամերիկաբնակ Սիլվա Տեր-Ստեփանյանի հովանավորությամբ:
«Լավագույն ուսուցիչ» մրցույթը, որին մասնակցում են «Հայոց Եկեղեցու պատմություն», «Հայոց պատմություն», «Հայոց լեզու և գրականություն», «Բնագիտություն» (ֆիզիկա, քիմիա, կենսաբանություն) առարկաների ուսուցիչներ, ինչպես նաև տարրական դպրոցների դասվարներ, անց է կացվում ՀՀ բոլոր մարզերում և Երևան քաղաքում` մարզային և հանրապետական փուլերով, որի արդյունքներն ամփոփվում են հանդիսավոր մրցանակաբաշխության ընթացքում:
Լրահոս
Տեսանյութեր
Թովմասյանը՝ Նանուշյանին. Նշել եք՝ ծրագրի իրականացումը պայմանավորված է օրենքով, բայց օրենքը չկա