Գ. Մինասյան. ՄՄ անդամ պետությունները դե ֆակտո ճանաչելու են Ղարաբաղը որպես ՄՄ տարածք
«Ստեղծվել էին 8 աշխատանքային խմբեր, որոնք նախապատրաստում են այն ճանապարհային քարտեզը, որը Հայաստանը պետք է անցնի մաքսային միությանն անդամակցվելու համար: Կան այնպիսի խնդիրներ, որոնց լուծումը կտրվի ՌԴ նախագահի այցի ընթացքում: Այդ խնդիրներից կառանձնացնեմ երկուսը՝ ցամաքային սահմանների բացակայությունը և ԼՂՀ հարցը»,- Panorama.am-ի հարցին, ի՞նչ սպասելիքներ կան ՌԴ նախագահի այցը Հայաստան, ասաց ԱԺ պատգամավոր, ՀՀԿ ԳՄ անդամ Գագիկ Մինասյանը:
Նրա խոսքերով, եթե առաջինի դեպքում խնդիրը միայն տեխնիկական է, ապա Արցախի հարցում առկա է քաղաքական գործոնը:
«Ակնհայտ է, որ Մաքսային միության անդամակցելուց հետո Հայաստանի ու Արցախի միջև մաքսային սահման չի լինելու: Չկա ու չի կարող լինել: Այս դեպքում հստակ հարցադրում է առաջ գալիս. «Լեռնային Ղարաբաղի հանրապետության տարածքը աշխատելու է մաքսային միության տարածքի սկզբունքներո՞վ, թե՞ ոչ: Ակնհայտ է, որ՝ այո: Կարծում եմ, որ առաջիկա հանդիպմանը նաև այս մասով հստակ որոշումներ կկայացվեն, որովհետև ՄՄ անդամ երեք պետությունները դե ֆակտո պետք է ճանաչեն Արցախի տարածքը որպես ՄՄ տարածք: Այլ կերպ հնարավոր չէ պատկերացնել ապրանքների ազատ տեղաշարժը»,- նշեց Գ. Մինասյանը:
Ըստ պատգամավորի, սա բերելու է ԼՂ հիմնախնդրի ընկալման և կարգավորման մի նոր մակարդակի, քանզի ՄՄ անդամ երեք պետություններըդե ֆակտո ճանաչելու են Ղարաբաղի տարածք որպես ՄՄ տարածք:
«Սրան պետք է հաջորդի մյուս՝ պաշտպանական կոմպոնենտի հարցը, ինչը ենթադրում է, Արցախի՝ որպես ՄՄ տարածքի անվտանգության ապահովման երաշխիքներ:
ՌԴ նախագահի այցի շրջանակներում սպասվում է ռազմա-քաղաքական հարաբերությունների նոր մակարդակի ապահովում, որոնք կարգավորվում են ոչ միայն երկկողմ հարաբերությունների, այլ ՀԱՊԿ շրջանակներում: Հարաբերությունների այս մակարդակը հետևանքն է այն պրոցեսների, որոնք սկիզբ են առել սեպտեմբերի 3-ից հետո»»,- հավելեց նա:
Լրահոս
Տեսանյութեր
Ուզում են երկիրը Հյուսիսային Կորեա սարքեն, մենք էլ դառնանք իրենց համբալները. Բողոքի ակցիա