Ի՞նչ պետք է առաջարկեր Եվրոպան, որը չառաջարկեց…
Վիլնյուսում կայանալիք արևելյան գործընկերության անդամ երկրների գագաթաժողովի շուրջ Panorama.am-ը զրուցել է ԱԺ ֆինանսաբյուջետային հանձնաժողովի նախագահ Գագիկ Մինասյանի հետ:
-Երբ արդեն հայտնի է, որ Հայաստանը չի նախաստորագրելու ԵՄ ասոցացման համաձայնագիրը ու ճանապարհ է բռնել դեպի Մաքսային միություն, ի՞նչ ակնկալիքներ ունեք վիլնյուսյան գագաթաժողովից:
Իսկզբանե ԵՄ-ի կողմից հայտարարված սկզբունքները շատ հավակնոտ էին ու դա այն փուլում, երբ տեղի էր ունենում բևեռների կայացում: Արդեն իսկ մեկ տարի առաջ, նկատելի էր, որ եվրասիական տարածքում չեն լինելու այնպիսի երկրներ, որոնք այս կամ այն քաղաքական, տնտեսական միավորման մեջ չլինեն: Դրա իրականացումը ընդամենը ժամանակի խնդիր էր:
Երբ խոսում ենք ակնկալիքների մասին, պետք է փաստենք, որ Արևելյան գործընկերության ծրագիրը չդարձավ ԵՄ բոլոր երկրների, այդ թվում՝ առանցքային պետությունների համար հետաքրքրություն ներկայացնող ծրագիր: Չնայած Գերմանիայի ազդեցությունը տարածաշրջանում դժվար է չնկատել, սակայն նույնիսկ Գերմանիան այս հարցում ակտիվություն չէր դրսևորում:
-Ի՞նչ պետք է առաջարկեր Եվրոպան, որը չառաջարկեց…
ԵՄ-ն ի վերջո չառաջարկեց այն միջոցները, որոնք կարող էին փոխհատուցել ասոցացման ճանապարհով գնացող երկրների այն վնասները, ինչը սկզբնական շրջանում սպասելի էր: Սա ևս մեկ խոսուն փաստ է այն մասին, որ ԵՄ գերտերությունները այդքան էլ շահագրգռված չէին ծրագրի հաջող ապահովմամբ կամ էլ՝ պատրաստ չէին այդ ծրագրի պատճառով խնդիրներ ունենալ Ռուսաստանի հետ:
Համենայդեպս պետք է ֆիքսենք, որ սա մեզ համար չի նշանակում եվրոպական ձգտումների դադարեցում, քանզի եվրոպական արժեքների հետ մեր ինդետիֆիկացիան ոչ սկսել են ոչ էլ ավարտվելու են այս ծրագրով, միշտ եղել են, կան, ու կմնան և մեր ընթացքը դեպի եվրոպական ընտանիք, շարունակվելու է:
-Ընկալելի է՞ր Եվրոպայի համար ՀՀ-ի որոշումը՝ անդամակցել Մաքսային միությանը:
Այս տեսանկունից, բավականին կարևոր եմ ԵՄ ընդլայնամն հարցերով հանձնակատար Շտեֆան Ֆյուլեի այն հայտարարությունը, թե Հայաստանի որոշումը հասկանալու համար շատ բան պետք չէ՝ ուղղակի պետք է նայել տարածաշրջանային քարտեզը: Ընդ որում՝ այդ նույնը միտքն արտահայտել էր նաև նախագահը՝ վարշավա կատարած այցի ու Արևելյան գործընկերության երկրների համաժողովի մասնակցելու օրերին: Ակնհայտ է, որ քանի փակ է մնում Եվրոպայի միանալու ամենակարճ սահմանը՝ հայ-թուրքականը, որևէ էական ձեռքբերում Հայաստանն այդ ծրագրից չէր ունենալու:
Եվրոպական երկրները նույնիկ հայտարարությունների մակարդակով չընդգծեցին սահմանների բաց լինելու կարևորությունը, ինչը ևս մեկ ապացույցն էր այն բանի, որ այս ծրագրի հարցում եվրոպական կողմը կտրուկ քայլերի չգնաց:
Չնայած սրան, ես համոզված եմ, որ ԵՄ-ի հետ մեր հարաբերությունները կխորանան, ինչն առավել արտահայտված կլինի ֆինանսական, տնտեսական ու հումանիտար ոլորտներում:
-ԵՄ-ի հետ բանակցությունները 3.5 տարի տևեցին, սակայն համաձայնագրի հարցը մնաց «օդում կախված», այնուամենայնիվ, ի՞նչ տվեցին մեզ այդ բանակցությունները:
Այնպես չէ, որ բանակցությունների արդյունքը պետք է երևար միայն համաձայնագրի ստորագրմամբ, այս բանակցություններին զուգահեռ, մենք բարելավեցին մեր օրնեսդրությունը, հաջողություններ արձանագրեցինք խոսքի ազատության, քաղաքացիական ազատությունների և տնտեսական բարեփոխումների գործընթացում: Ամեն դեպքում, Հայաստանը այս ճանապարհին մեծ առաջընթաց գրանցեց: