Լեզվի տեսչության նախկին պետ. Գալու է ժամանակ, ռուսերենը լինելու է պետական կարգավիճակով լեզու (Տեսանյութ)
Լեզվի պետական տեսչության նախկին պետ Լավրենտի Միրզոյանն այսօր լրագրողների հետ հանդիպմանն անդրադարձավ Հայաստանում ռուսերենին կարգավիճակ տալու հարցին: Նա համոզմունք հայտնեց, որ ռուսերենը պետական լեզու է համարվելու, թեև մեր կրթության և գիտության նախարարը հայտարարություն արեց, որ նման բան հնարավոր չէ:
Լարվենտի Միրզոյանը հիշեցրեց 2005 թվականին տեղի ունեցած դեպք, երբ ռուսական կենտրոնական լրատվամիջոցներից մեկում հայտարարվել էր, թե Հայաստանի նախագահն ընդունել է հրամանագիր, որով ռուսերենը համարվում է երկրորդ պետական լեզու: «Ամբողջ աշխարհից ահազանգում էին Լեզվի պետական տեսչություն: Երբ ես ցանկացա տալ պարզաբանում, ինձ չթողեցին: Այսինքն, այդ մտավախությունը կա»,- ասաց նա և հավելեց, որ կա ստորագրված կոնվենցիա, որով Հայաստանում ապրող ազգային փոքրամասնությունների 5 լեզուներին տրվի հատուկ կարգավիճակ:
Նա նկատեց, որ միատարր Հայաստանի Հանրապետությունում նույնիսկ հնարավոր չի եղել նշված լեզուներին հատուկ կարգավիճակ տալը և հարցրեց. «Այդ ինչպե՞ս է, որ Ռուսաստանի Դաշնությունում ապրող 2.5 մլն հայերի լեզվին հատուկ կարգավիճակ չի տրվում, Վրաստանի Հանրապետությունում 500 հազար հայերի լեզվին չի տրվում, հիմա մենք ի՞նչ է, շատ ինտերանցիոնալի՞ստ ենք, որ հատուկ կարգավիճակ տանք»:
Նա միևնույն ժամանակ համոզմունք հայտնեց, որ գալու է ժամանակ, ռուսերենը լինելու է պետական կարգավիճակով լեզու: «Դա իմ մտավախությունն է: Բայց դեռևս տարիներ առաջ ժողովրդի մեջ այդ տպավորությունն է ստեղծվում: Երբ ես 2004-ին նշանակվեցի տեսչության պետ, ինձ ասացին, պատրաստվիր, որ օրենքում փոփոխություն է լինելու, որպեսզի ռուսերենին պետական կարգավիճակ տրվի: Ես ասացի` այդպիսի բան հնարավոր չէ: Բայց 2010-ին պարզվեց, որ փոփոխություն կատարվեց, որով սկսեցին օտարալեզու դպրոցներ բացվել Հայաստանի Հանրապետությունում»,- ասաց նա:
Նա նշեց, որ լեզուների դրվածքը հանրակրթության և բարձրագույն ուսումնական կրթության ոլորտում պետք է բարելավվի, ընդունվի հատուկ ծրագիր: Ըստ նրա, հարկավոր է, որ երեխաներին բոլոր լեզուներն ուսուցանվեն:
Լրահոս
Տեսանյութեր
Թովմասյանը՝ Նանուշյանին. Նշել եք՝ ծրագրի իրականացումը պայմանավորված է օրենքով, բայց օրենքը չկա