ԿԳՆ. Մասնավոր բուհերում ուսումնասիրվում են լիցենզիայի պահանջների համապատասխանությունը
Մասնավոր բուհերում կրթության և գիտության նախարարությունը ամենամյա պլանային ստուգումներ է անցկացնում, որոնց նպատակն է ուսումնասիրել բուհերում լիցենզիայի պահանջների համապատասխանությունը: Այս մասին Panorama.am-ի թղթակցի հետ զրույցում ասաց ԿԳՆ հասարակայնության հետ կապերի և տեղեկատվության վարչության պետ Արթուր Բաղդասարյանը` մեկնաբանելով մամուլում հրապարակված տեղեկությունը, թե «առաջիկայում հայաստանյան մասնավոր բուհերում կանցկացվեն դաժան «սանիտարական» ռեյդեր»:
«Մեր համապատասխան ստորաբաժանումը կանցկացնի պլանային ստուգումները` պարզելու այդ պահանջների համապատասխանությունը»,- ասաց նա և հայտնեց, որ արդյունքները պարզ կլինեն ստուգումներից և համապատասխան քննարկումներից հետո միայն:
Նշենք, որ այսօրվա համարում «Հրապարակ» օրաթերթը գրել էր, որ ԿԳ նախարարը որոշել է կրկին «դիահերձել» մասնավոր բուհերի լիցենզիոն պայմանագրերը, ինչն էլ նշանակում է, որ ինչպես մասնավոր բուհերի փակման առաջին «պտույտի» ժամանակ, այնպես էլ հիմա, բավական թվով բուհեր կդադարեցնեն իրենց գործունեությունը:
«Մասնավոր բուհերը հիմնականում պատկանում են հանրապետականներին`«քաղաքական շարժառիթ դժվար թե լինի», բայց կարծիք կա, որ մեր նման փոքր հանրապետությունում այդքան բուհական հաստատություններ` նման որակով, նոնսենս են: Ասել կուզի` բուհական բիզնես շրջանակները մրցակիցներին վերացնելու ձև են գտել: Քանի՞ բուհ կփակվի, «Հրապարակ»-ի աղբյուրները չկարողացան ասել: Հիշեցնենք, որ 2009-2010թթ. Հայաստանում գործում էին մոտ 70 մասնավոր բուհ, «դիահերձման» առաջին փուլից հետո 30-ը փակվեց»,- գրել էր պարբերականը:
Նախորդիվ`
Լրահոս
Տեսանյութեր
Ինչո՞ւ հանկարծ ՀՀ իշխանությունները որոշեցին խլել արցախցիների կենսաթոշակային խնայողությունները