Աշոտ Մանուչարյան. Հայաստանը պետք է լավ հարաբերություններ պահպանի ԵՄ-ի և ՌԴ-ի հետ (տեսանյութ)
«Արևմտյան քաղաքակրթությունը այսօր մահանում է, սակայն այսօր չի ստեղծվել նոր համակարգ, որը այն կփոխարինի»,- այսօր լրագրողների հետ հանդիպմանն անդրադառնալով ՀՀ-ի ներքաղաքական և արտաքին քաղաքական զարգացումներին ասաց «Ղարաբաղ» կոմիտեի անդամ Աշոտ Մանուչարյանը:
Նա նշեց, որ Արևմուտքի համար կարևոր է, որպեսզի կարողանան հետ պտտել Հայաստանի Մաքսային միության վերաբերյալ կատարված ընտրությունը:
«Մենք ունենք համադրման հսկայական պոտենցիալ: Մենք չենք կարող բարեկամական հարաբերությունների մեջ լինել մի համակարգի հետ և թշնամական՝ մեկ այլ համակարգի»,-նշեց Ա. Մանուչարյանը:
Նրա խոսքերով, Հայաստանը պետք է բարիդրացիական հարաբերություններ պահպանի բոլոր կենտրոնների հետ:
«Հայաստանը պետք է լավ հարաբերություններ պահպանել թե ԵՄ-ի, թե Ռուսաստանի հետ: Մենք պետք է պահպանենք մեր ռազմավարական հարաբերությունները Ռուսաստանի հետ»,-նշեց Ա. Մանուչարյանը:
«Ռուսաստանը ցանկանում է վերականգնել աշխարհաքաղաքական ազդեցությունը հետխորհրդային տարածքում: Այսօր Ռուսաստանը փորձում է իր վերահսկողությունը հաստատել Ադրբեջանի նկատմամբ, որը այժմ գտնվում է անգլո-սաքսոնական և իսրայելական ազդեցության տակ»,-նշեց Մանուչարյանը:
Ա. Մանուչարյանը անդրադառնալով Գյումրին Ալեքսանդրապոլ վերանվանելու վերաբերյալ լուրերին նշեց, որ այդպիսի էկզոտիկ բան տեղի չի ունենա և Գյումրին կպահպանի իր անունը: