Ավագ դպրոցներում կրթության որակի, ցածր առաջադիմության պատճառների ու կրկնուսույցների մասին
Ամեն ինչ արվում է, որպեսզի ավագ դպրոցներում կրթության որակը բարձրանա, վստահեցնում է ՀՀ ԿԳՆ հանրակրթության վարչության պետ Նարինե Հովհաննիսյանը և ընդգծում, որ ավագ դպրոցները պետության հովանավորության կենտրոնում են:
ԿԳՆ հանրակրթության վարչության պետը Panorama.am-ի թղթակցի հետ զրույցում թվարկում է քայլեր, որոնք արվում են ավագ դպրոցներում կրթության որակի բարձրացմանն ուղղված. «Դրանք համալրվում են նոր սարքավորումներով, տեխնիկայով, այդ դպրոցներում անընդհատ ներդրումներ են կատարվում, մանկավարժների վերապատրաստում է իրականացվում, ատեստացիա: Ամեն ինչ արվում է, որպեսզի ավագ դպրոցներում առկա խնդիրները կարգավորվեն»:
Ավագ դպրոցի գործունեության և դրա վերջնական արդյունքների մասին, ըստ նրա, այսօր չենք կարող խոսել, քանի որ ծրագիրն ընդամենը երեք տարի է, ինչ գործում է, առաջին տարին էլ փորձնական է համարվում: Նարինե Հովհաննիսյանը որպես ձեռքբերում նշում է, որ անցյալ տարվա շրջանավարտների մեծ մասն ընդունվել են բարձրագույն ուսումնական հաստատություններ:
Նախօրեին Կրթության ազգային ինստիտուտի փոխտնօրեն Անահիտ Բախշյանը ներկայացրել էր 2013 թվականի փետրվար-մարտ ամիսներին ԳԹԿ կատարած արտաքին գնահատման վերլուծությունը Հանարապետության 19 ավագ, 41 միջնակարգ դպրոցների և 3 պետական վարժարանների 11-րդ դասարանների 4111 աշակերտների շրջանում, որի արդյունքները, մեղմ ասած, տխրեցնող են: Հայոց լեզվից միջին գնահատականը 10 բալանոց համակարգով եղել է 5,1 և մաթեմատիկայից՝ 3,8:
Նարինե Հովհաննիսյանը հակադարձում է, 11-րդ դասարանի այդ երեխաները դեռ երկու տարի ունեն, հանրակրթության վարչության պետը վստահ է, որ աշակերտներն անպայման կսկսեն հասցնել: «Իրենք ընդամեն մեկ ու կես տարի են անցել, եկել են 9-րդ դասարանից, հիմնական դպրոցից, տարբեր գիտելիքներով: Մենք 12-րդ դասարանում ուսումնական պլանով այնպիսի իրավիճակ ենք ստեղծել, տվել ենք այնպիսի գործընթաց, որ աշակերտն ավելի շատ ժամեր կունենա այն առարկաներից, որոնցով պիտի բուհ ընդունվի, և իրենք կհասցնեն»,- ասում է նա:
Մինչդեռ Անահիտ Բախշյանը մտահոգություն էր հայտնել, որ 11-րդ դասարանում այսպիսի արդյունք է գրանցվում, իսկ 12-րդ դասարանից հետո բոլորն ավարտում են դպրոցը. «Նման իրավիճակ ավարտական դասարաններում ու հանկարծ 99 տոկոսը դրական միավորներ են ստանում նույն ԳԹԿ կողմից անցկացված քննությունների արդյունքում»: Անահիտ Բախշյանի առաջին եզրակացությունն այն է, որ ավարտական քննությունների արդյունքներն օբյեկտիվ չեն, արտաքին միջամտություն կա:
Նարինե Հովհաննիսյանը համաձայն չէ. ավարտական գնահատականները չեն կարող լինել ոչ օբյեկտիվ, քանի որ ավարտական և միասնական քննությունները վերահսկվում են, ասում է նա:
Կրթության ազգային ինստիտուտի փոխտնօրենի մյուս եզրակացությունն էլ այսպիսին է` «այդ մեկ տարվա ընթացքում կրկնուսույցները լավ վարժեցնում են»:
Ինչ վերաբերում է դրան, որն, ըստ էության ավագ դպրոցի դեպքում չպետք է լիներ, քանի որ աշակերտները ստանում են իրենց նախընտրած առարկաներից խորացված գիտելիքներ, ԿԳՆ հանրակրթության վարչության պետը խնդիրը համարում է այն, որ շատերը հին իներցիայով ուզում են անպայման նաև լրացուցիչ պարապել` չհավատալով ավագ դպրոցին. «Նոր եմ գալիս Տավուշի ավագ դպրոցից, նաև Սյունիքում եղա, որտեղ այդ ստերեոտիպը կոտրված էր: Երեխան կարող է սովորել առանց այդ կրկնուսույցների, այդ երեք տարվա ընթացքում: Մենք բավականին մեծ ժամաքանակ ենք տալիս, որ իր նախընտրած առարկաները հասցնեն ու կհասցնեն, պարզապես պետք է հավատան իրենց դպրոցին և ուսուցչին»:
Նախորդիվ`
Անահիտ Բախշյան. Նայենք իրականության աչքերին, ավագ դպրոցում կրթությունը բոլորովին մեր երազածը չէ
Լրահոս
Տեսանյութեր
Թովմասյանը՝ Նանուշյանին. Նշել եք՝ ծրագրի իրականացումը պայմանավորված է օրենքով, բայց օրենքը չկա