Մենք հաղթել ենք պատերազմում, պարտավոր ենք հաղթել նաև տնտեսական մրցակցության մեջ. ԼՂՀ ԱԺ-ն դիմել է աշխարհասփյուռ հայությանը
ԼՂՀ Ազգային ժողովի խմբակցությունները և պատգամավորական խումբը Հեռուստամարաթոն 2013 -ի առթիվ դիմել է աշխարհասփյուռ հայությանը: Այս մասին տեղեկացնում է ԼՂՀ ԱԺ մամուլի ծառայությունը:
«Նոյեմբերի 28-ին կմեկնարկի «Հայաստան» համահայկական հիմնադրամի հերթական հեռուստամարաթոնի եզրափակիչ փուլը: Վստահաբար կարելի է ասել, որ այն դարձել է մեր կյանքի կարևորագույն իրադարձություններից մեկը և որին հայ ժողովուրդը նախապատրաստվում է ողջ տարվա ընթացքում:
Հեռուստամարաթոնի նշանակությունը ոչ միայն համազգային դրամահավաքն է, այլև ժամանակակից մարտահրավերները միասնաբար դիմագրավելու` մեր ժողովրդի ընդհանրական կամքի դրսևորումը:
Այս տարվա հեռուստամարաթոնը նվիրված է Վարդենիս-Մարտակերտ ռազմավարական նշանակության ավտոմայրուղու շինարարությանը: Այն կոչված է մեծացնելու մեր երկրի արտաքին հաղորդակցական հնարավորությունները, նպաստելու Արցախի հյուսիսային հատվածի` Մարտակերտի և Շահումյանի շրջանների տնտեսական զարգացմանը, ինչպես նաև մեղմելու Գորիս-Ստեփանակերտ մայրուղու ծանրաբեռնվածությունը:
Նկատի ունենալով ծրագրի ռազմավարական կարևորությունը՝ կոչ ենք անում աշխարհասփյուռ հայությանը մասնակցել հեռուստամարաթոնին և արժանի ավանդ բերել այդ հայրենանվեր գործին:
Հեռուստամարաթոնին մասնակցությունը բոլորիս բարոյական պարտքն է, իսկ նվիրատվության չափը կախված է յուրաքանչյուրիս հնարավորությունից: Վաղը համայն հայությունը պետք է մեկ անգամ ևս ապացուցի, որ կրողն է համազգային միասնության գաղափարի ու ոգու:
Մենք հաղթել ենք պատերազմում, պարտավոր ենք հաղթել նաև տնտեսական մրցակցության մեջ: Հեռուստամարաթոնի արդյունքը պետք է դառնա հայության հավաքական պատասխանը մեզ նետված մարտահրավերներին»,- նշված է դիմումում:
Արցախի վարչապետը կոչ է արել ֆինանսական միջոցներն օգտագործել խնայողաբար
Լրահոս
Տեսանյութեր
Ուզում են երկիրը Հյուսիսային Կորեա սարքեն, մենք էլ դառնանք իրենց համբալները. Բողոքի ակցիա