«Զվարթնոց»-ը` Վ. Սաֆարյանին. «Արմավիա» ընկերության սնանկացումը կապ չունի օդանավակայանի սակագների հետ
«Արմենիա» Միջազգային Օդանավակայաններ» ՓԲԸ-ն արձագանքել է ՀՀ հանրային խորհրդի ֆինանսատնտեսական և բյուջետային հարցերի հանձնաժողովի նախագահ Վազգեն Սաֆարյանի հայտարարությանը, ըստ որի իբր «Զվարթնոց» միջազգային օդանավակայանում գործող սակագները բարձր են, և դա իր անդրադարձն է ունեցել «Արմավիայի» սնանկացման վրա:
«Այս ամենն ասվում էր արդարացնելու համար պետական արտոնություններից օգտվող «ազգային փոխադրող» ունենալու անհրաժեշտությունը` ի հակադրություն «Բաց երկնքի» քաղաքականության, որը հավասար պայմաններ է ենթադրում բոլոր ավիաընկերությունների համար:
Կուզենայինք հիշեցնել պարոն Սաֆարյանին, որ Հանրային Խորհրդի առաջարկությունից հետո ՀՀ կառավարությունը վարձեց ՄաքՔինզի խորհրդատվական ընկերությանը` ՀՀ ավիացիոն քաղաքականության վերաբերյալ մասնագիտական խորհրդատվություն ստանալու նպատակով: ՄաքՔինզի ընկերությունը, որն օդային փոխադրումների բնագավառում ամենահեղինակավոր խորհրդատվական ընկերություններից մեկն է աշխարհում, ավելի քան 3 ամիս անցկացրեց Հայաստանում` ուսումնասիրելով Հայաստանի ավիացիոն շուկան:
Այս ուսումնասիրությունների արդյունքում ՀՀ կառավարությունը որոշեց ազատականացնել Հայաստանի օդային փոխադրումների ոլորտն ու հայտարարեց «Բաց երկնքի» քաղաքականության անցնելու մասին: ՄաքՔինզին եզրակացրեց` ՀՀ տնտեսությունը կշահի, քանի որ տուրիզմի զարգացումը կհանգեցնի ՀՆԱ-ի աճի:
Ինչ վերաբերում է օդանավակայանի ենթադրյալ բարձր սակագներին, ապա ՄաքՔինզի ընկերությունը հայտարարեց, որ սակագները բարձր չեն և համապատասխանում են մատուցվող որակյալ ծառայություններին: Ուստի ասել, թե այս կամ այն ավիաընկերությունը սնանկանում է օդանավակայանի բարձր սակագների պատճառով ուղղակի անհիմն է և պարզունակ:
Պարոն Սաֆարյան, դուք ցանկացած ժամանակ կարողեք հանդիպել մեզ հետ և մենք պատրաստակամ ենք պարզաբանել, որ Արմավիա ընկերության սնանկացումը կապ չունի օդանավակայանի սակագների հետ:
Ներկայումս «Արմենիա» միջազգային օդանավակայաններ» ընկերությունը ակտիվ բանակցություններ է վարում ավիաընկերությունների հետ` բոլոր ուղղություններով թռիչքներն ավելացնելու ուղղությամբ: Հավելյալ թռիչքների մի մասն արդեն իրականացվում են, մի մասն արդեն հայտարարվել են հաջորդ ամառվա համար, և դեռ շատերի մասին կհայտարարվի մինչև ընթացիկ տարվա վերջ: Արմենիա միջազգային օդանավակայաններ ընկերությունը նաև սերտ կապի մեջ է «Էյր Արմենիա» տեղական ավիաընկերության հետ և փորձում է լավագույն պայմանները ստեղծել վերջինիս հաջողության համար:
Դեռևս մեկ ամիս է, ինչ ՀՀ կառավարությունը քաղաքացիական ավիացիայի բնագավառում նոր քաղաքականություն է որդեգրել, ուստի կխնդրեինք պրն. Սաֆարյանին չխոչընդոտել` հնարավորություն տալով շուկայում ներգրավված բոլոր շահագրգիռ կողմերին (Կառավարություն, օդանավակայան, Քաղաքացիական ավիացիայի գլխավոր վարչություն, Տուրիզմի վարչություն, Ազգային Մրցունակության Հիմնադրամ) գոնե մի որոշ ժամանակ աշխատել «Բաց երկնքի» քաղաքականության զարգացման ուղղությամբ»:
Նախորդող հրապարակումներ`
«Sky Net» ավիաընկերությունը շուտով Հայաստանում ավիափոխադրումներ կիրականացնի
«Զվարթնոց». Ազատ Երկնքի քաղաքականությունը տալիս է իր արդյունքները
«Կառավարությունը Բաց երկնքի քաղաքականությանն անցնելու առաջին գործնական քայլերն է կատարում»
Ա. Ղազարյան. «Բաց երկնքի քաղաքականությունը» նպաստելու է հատկապես արտահանումների ակտիվացմանը