Ֆյուլեն հիշեցրել է Ադրբեջանին մարդու իրավունքների և ժողովրդավարության մասին
Եվրամիության ընդլայնման և հարևանության քաղաքականության հարցերով հանձնակատար Շտեֆան Ֆյուլեն հանդես է եկել հայտարարությամբ որով նա անդրադարձել է ԵՄ-Ադրբեջան համագործակցությանը:
Ֆյուլեն առանձնացրել է մի քանի կետ, որոնք առավել կարևորվում են ԵՄ-Ադրբեջան համագործակցության մեջ, այդ թվում ժողովրդավարության և մարդու իրավունքների մասին կետը:
Ֆյուլեն մասնավորապես ասել է. «Մեր համագործակցությունը հիմնված է ընդհանուր արժեքների՝ ժողովրդավարության, մարդու իրավունքների, հիմնարար ազատությունների և օրենքի գերակայության վրա: Այս արժեքներն են, որ հնարավորություն են տվել ԵՄ անդամ երկրներին երկրորդ համաշխարհային պատերազմից հետո ապահովել խաղաղություն և բարգավաճում, և այսօր այս արժեքներով են առաջնորդվում Եվրոպայի քաղաքացիներն իրենց առօրյա կյանքում:
Մենք ցանկանում ենք ունենալ իրական համագործակցություն՝ հիմնված այս արժեքներին հետամուտ լինելու երկուստեք պարտավորությունների վրա, որպեսզի Ադրբեջանի քաղաքացիները կարողանան լիարժեք օգուտ քաղել իրենց քաղաքական իրավունքներից և ազատություններից: Քաղաքացիական հասարակությունն էական դեր պետք է ունենա այս հարցում, որպեսզի նպաստի հասարակության փոփոխությանն ու արդիականացմանը և կառուցի խորը ժողովրդավարություն և բազմակարծություն՝ խոսքի ազատությունն ապահովող, զսպող և հավասարակշռող գործուն համակարգով, որը կերաշխավորի և կպաշտպանի թափանցիկության ու հաշվետվության պակասից»:
Ֆյուլեն նաև անդրադարձել է գործընկեր երկրների հանդեպ ԵՄ որդեգրած մոտեցումներին՝ ասելով, որ ԵՄ-ն չի կիրառում ունիվերսալ մոտեցում: «Մենք ունենք ընդհանուր գործիքներ, սակայն մեր գործընկեր յուրաքանչյուր երկրի համար մեր մոտեցումն առանձնահատուկ է՝ հիմնված նրանց պահանջների և հավակնությունների վրա: Յուրաքանչյուր գործընկեր առանձնահատուկ է և իր ուրույն ներդրումն է բերում հարաբերությունների մեջ»:
Այս համատեքստում Ֆյուլեն ընդգծել է, որ Ադրբեջանի պարագայում առաջնայնությունը տրվում է էներգետիկ ոլորտում համագործակցությանը: Նա ասել է, որ այս համագործակցության կարևոր մաս է կազմում Հարավային գազային միջանցքը, որն արդեն իրականություն է դառնում և որը բխում է ԵՄ-ի և Ադրբեջանի առաջնային շահերից:
Լրահոս
Տեսանյութեր
Ուզում են երկիրը Հյուսիսային Կորեա սարքեն, մենք էլ դառնանք իրենց համբալները. Բողոքի ակցիա