Հարցվածների 64 տոկոսը դրական է վերաբերում Հայաստանի` Մաքսային միությանը միանալու մտադրությանը. Սոցհարցում
1067 հոգու շրջանում անցկացված սոցիալական հարցման արդյունքների համաձայն, 64 տոկոսը դրական է վերաբերում Հայաստանի` Մաքսային միությանը միանալու մտադրությանը: Հայաստանում Gallup International-ի ներկայացուցիչ «Մարքեթինգի հայկական ասոցիացիա» ընկերության իրականացրած` Հայաստանի քաղաքացիների քաղաքական և տնտեսական սպասումների մասին հետազոտության արդյունքները լրագրողներին ներկայացրեց Gallup International ասոցիացիայի հայաստանյան ներկայացուցչության տնօրեն Արամ Նավասարդանը:
Նշենք, որ հարցումն անցկացվել է հոկտեմբերի 9-16-ը Հայաստանի ամբողջ տարածքում:
Նրա ներկայացմամբ, դեռևս այս տարվա ապրիլին Եվրասիական զարգացման բանկի կողմից «Մարքեթինգի հայկական ասոցիացիա» ընկերությանը պատվիրված հարցման ժամանակ հարցվածների 67 տոկոսն էր դրական պատասխան տվել ՀՀ-ն` եվրասիական միությանը մանալու վերաբերյալ հարցին:
«Նվազումը կապում եմ հակաքարոզի հետ, որ տեղի ունեցավ սեպտեմբերի 3-ից հետո»,- դիտարկում արեց նա:
Հարցման արդյունքների համաձայն, հարցվածների մեծ մասի կարծիքով, ՄՄ միանալուց հետո Հայաստանում կգրանցվի տնտեսական աճ (38 տոկոս), գների իջեցում (26 տոկոս), իսկ 8 տոկոսի կարծիքով` գների բարձրացում: 17 տոկոսի կարծիքով ՄՄ-ին միանալով` Հայաստանում ոչինչ չի փոխվի:
«Եվրոպացի գործընկերները թերացել են իրենց աշխատանքների մեջ: Եթե ցանկանում էին, որ պայմանագիրը ստորագրվեր, նրանք պետք է այդ պայմանագրի դրույթները հասանելի դարձնեին հասարակությանը, ներկայացնեին, թե ինչ է ենթադրում եվրոասոցացումը: Ճիշտ է, Մաքսային միության անդամակցության հետ էլ կապված վերլուծություններ, պարզաբանումներ չկան, բայց Ռուսաստանի հետ Հայաստանն ունի բավականին սերտ կապեր, մեկ միլիոնից ավելի հայ այնտեղ է աշխատում, անվտանգության խնդիրը կապում ենք Ռուսաստանի հետ: Այս ամենն ազդում է պատկերի վրա: Չեմ կարող ասել, որ Ռուսաստանը հաղթեց, եվրոպացիները պարտվեցին: Եվրոպացիները տանուլ տվեցին այս խաղում»,- հարցման արդյունքներն այսպես մեկնաբանեց Ա. Նավասարդյանը:
«Ո՞ր արժեքային համակարգն է ավելի մոտ Հայաստանի արժեքային համակարգին» հարցի արդյունքներով` 49 տոկոսը կարծում է, որ ԱՊՀ երկրների, 20 տոկոսը` եվրոպական:
«Ո՞ր երկրներում կցանկանայիք ժամանակավոր աշխատել, եթե Ձեզ ընձեռնվեր նման հնարավորություն» հարցի արդյունքներով` 25 տոկոսը եվրոպական երկրներ, 17 տոկոսը` ԱՊՀ (նախկին ԽՍՀՄ, այդ թվում Վրաստան, Լատվիա, Լիտվա, Էստոնիա), 9 տոկոսը` ԱՄՆ: