Լևոն Տեր-Պետրոսյանը և Մասուդ Բարզանին` քաղաքական շահարկումների թեմա Թուրքիայում
Թեժանում է քաղաքական հեռակա բանավեճը Թուրքիայի իշխանական «Արդարություն և զարգացում» (ԱԶԿ) և ընդդիմադիր «Ազգայնական շարժում» (ԱՇԿ) կուսակցությունների միջև: Պատճառն Իրաքյան Քուրդիստանի նախագահ Մասուդ Բարզանիի` Թուրքիա կատարած այցն է: Դիարբեքիրում կայացած Էրդողան-Բարզանի հանդիպումը արժանացավ թուրքական ծայրահեղական «Գորշ գայլեր» կազմակերպության քաղաքական թևը հանդիսացող «ԱՇԿ»-ականների խիստ քննադատությանը: Ի պատասխան այդ քննադատությունների` Էրդողանի կուսակից
«ԱԶԿ» պատգամավոր Սելչուկ Օզդաղը հիշեցում է արել. «Այ ԱՇԿ-ականներ, Ալփարսլան Թյուրքեշը Հայաստանի նախագահ Լևոն Տեր-Պետրոսյանի հետ Ֆրանսիայում ի°նչ էր խոսում, նույն բանն էլ մենք ենք Բարզանիի հետ խոսել»:
Ըստ թուրքական «Զաման» օրաթերթի` ընդդիմադիրների ճամբարից պատասխանը չի ուշացել. այս անգամ բանավեճի մեջ է մտել անձամբ Ալփարսլան Թյուրքեշի որդին` «ԱՇԿ» փոխնախագահ, մեջլիսի պատգամավոր Յըլդըրըմ Թուղրուլ Թյուրքեշը: Նա, իր խոսքը հասցեագրելով Էրդողանին ու նրա կուսակիցներին, խորհուրդ է տվել Թյուրքեշի մասին խոսելուց առաջ մտածել ոչ թե 2 կամ 20 անգամ, այլ նույնիսկ 200 անգամ:
Թուղրուլ Թյուրքեշը պարզաբանում է տվել, որ իր հայրը Փարիզում Տեր-Պետրոսյանի հետ հանդիպել է Հայաստանի ու Ադրբեջանի միջև ծայր առած թշնամությանը վերջ դնելու նպատակով:
«Որպես թուրքական աշխարհի առաջնորդ` նա իր պարտքն է կատարել: Իսկ ահա Էրդողանը իր կուսակցության հանրահավաքներում, հրահրում է ազգային ու տարածաշրջանային թշնամանք: Մենք Տեր-Պետրոսյանի հետ հանդիպել ենք Փարիզում, այսինքն երրորդ երկրի մայրաքաղաքում, իսկ «ԱԶԿ»-ն Բարզանիին կարծես թե նախագահի կարգավիճակով ընդունել է սեփական հողում»,- նշել է ընդդիմադիր պատգամավորը:
Հիշեցնենք, որ նոյեմբերի 16-ին Բարզանին Դիարբեքիրում հանդիպել էր Թուրքիայի վարչապետ Էրդողանի հետ: Թուրքական մամուլն այդ հանդիպումն անվանեց պատմական: Էրդողանի հետ տեղի ունեցած հանդիպումից հետո Բարզանին քուրդ պատգամավորներին ասել էր, թե հնարավոր է բանտից ազատվի «Քուրդիստանի բանվորական կուսակցության» (ՔԲԿ) առաջնորդ Իմրալը կղզում ցմահ դատապարտված Աբդուլլահ Օջալանը: Իսկ Էրդողանն իր ելույթի ժամանակ առաջին անգամ օգտագործել էր Քուրդիստան բառը: Հետո պարզաբանել էր, որ նկատի է ունեցել Իրաքի քրդական ինքնավարությունը:
Լրահոս
Տեսանյութեր
Ուզում են երկիրը Հյուսիսային Կորեա սարքեն, մենք էլ դառնանք իրենց համբալները. Բողոքի ակցիա