ԵՄ ներկայացուցիչ. Վիլնյուսի գագաթաժողովից հետո Ռուսաստանն ու Եվրամիությունը պետք է «թարմացնեն» հարաբերությունները
Վիլնյուսի գագաթաժողովից հետո Ռուսաստանն ու Եվրամիությունը պետք է «թարմացնեն» հարաբերությունները և ձեռնամուխ լինեն Լիսաբոնից մինչև Վլադիվոստոկ ինտեգրացիոն տարածության ձևավորմանը: Այս մասին «Коммерсант» պարբերականին տված հարցազրույցում հայտարարել է Ռուսաստանում ԵՄ ներկայացուցչության ղեկավար Վիգաուդաս Ուշացկասը:
«Վիլնյուսից հետո մենք պետք է «թարմացնենք» երկկողմ հարաբերությունները: Ցավոք, իմ կարծիքով Ռուսաստանի ու Եվրամիության միջև հարաբերություններն այսօր բարդ ժամանակներ են ապրում: Իրերի այդ դրությունը չի արտահայտում ԵՄ-Ռուսաստան երկխոսության խորությունը, ծավալը և ներուժը: Ինձ շատ է վշտացնում փոխկախված գործընկերների միջև նման տարանջատումը: Մենք պետք է լուրջ ջանքեր գործադրենք, որպեսզի փոխենք իրավիճակը: Վստահ եմ, որ մենք ավելի շատ ընդհանուր բան ունենք, քան այն, ինչը մեզ բաժանում է»,- նշել է նա:
Ռուսաստանում ԵՄ ներկայացուցիչը կողմերի միջև տարաձայնությունները չի կապել աշխարհաքաղաքական խնդիրների հետ: Նա ընդգծել է, որ ժամանակն է հրաժարվել փոխադարձ մեղադրանքներից և բողոքներից:
«ԵՄ-ն տրամադրված է կառուցել Եվրոպա՝ առանց բաժանարար գծերի, տարածություն՝ հիմնված պետությունների անկախության և ինքնիշխանության հարգման վրա: Դա վերաբերում է և՛ Ուկրաինային, և՛ Ռուսաստանին, և՛ տարածաշրջանի այլ պետություններին: Մենք մտադիր ենք ինտեգրել մեր տնտեսությունները: Եվ ինչպիսին էլ լինի Վիլնյուսի գագաթաժողովի արդյունքը, Ռուսաստանն ու ԵՄ-ն չպետք է կառչեն դրանից, այլ ավելի լայն դիտարկեն: Մենք երկխոսության այնպիսի՜ ներուժ ունենք: ԵՄ-ն աշխարհի ամենահզոր տնտեսությունն է, իսկ Ռուսաստանը մեր ամենամեծ հարևանը»,- նկատել է Վ. Ուշացկասը:
Վերջինս շեշտել է, որ միմյանց նախատելու փոխարեն Ռուսաստանն ու Եվրամիությունը պետք է ավելի շատ ժամանակ հատկացնեն համագործակցության հեռանկարները քննարկելու վրա, ապա հույս է հայտնել, որ Վիլնյուսի գագաթաժողովից հետո ժամանակը թույլ կտա «թարմացնել գլուխները» և գիտակցել, որ քանի դեռ կենտրոնանում են նրա վրա, ինչը բաժանում է կողմերին, չեն նկատում այն, ինչը միավորում է:
«Մենք վերջապես պետք է ձեռնամուխ լինենք կառուցել այն, ինչի մասին դեռ միայն ամենից շատ խոսում ենք՝ Լիսաբոնից մինչև Վլադիվոստոկ ինտեգրված տարածությունը»,- եզրափակել է Ռուսաստանում Եվրամիության ներկայացուցիչը:
Հիշեցնենք, որ այսօր ԵՄ Խորհուրդը նախագահող Լիտվայի մայրաքաղաք Վիլնյուսում մեկնարկել է «Արևելյան գործընկերության» գագաթաժողովը, որին մասնակցում է նաև ՀՀ նախագահ Սերժ Սարգսյանը: