Կ. Բեքարյան. Վիլնյուսի գագաթաժողովում պետք է ամրագրվի Հայաստանի եվրաինտեգրման գործընթացի շարունակությունը
«Վիլնյուսի գագաթաժողովից Հայաստանի ակնկալիքը պետք է լինի հուշագրի կամ հռչակագրի ստորագրումը, որը պետք է ամրագրի Եվրամիության և Հայաստանի փոխադարձ ցանկությունը` շարունակել ու խորացնել Հայաստանի եվրաինտեգրման գործընթացը»,- այս մասին անդրադառնալով այսօր Լիտվայի մայրաքաղաք Վիլնյուսում մեկնարկած «Արևելյան գործընկերության» գագաթաժողովից անդամ երկրների և մասնավորապես Հայաստանի հնարավոր ակնկալիքներին, Panorama.am-ի հետ զրույցում նշեց «Եվրոպական ինտեգրացիա» ՀԿ նախագահ, փորձագետ Կարեն Բեքարյանը:
Փորձագետը ներկայացրեց Եվրամիության և «Արևելյան գործընկերության» անդամ երկրների՝ Ուկրաինայի, Հայաստանի, Վրաստանի, Մոլդովայի, Բելառուսի և Ադրբեջանի միջև համագործակցության առկա սպասելիքներն ու հեռանկարները:
Նրա դիտարկմամբ, Բելառուսի և Ադրբեջանի ակնկալիքները թե՛ Եվրամիության հետ բանակցությունների ընթացքում, թե՛ Վիլնյուսի գագաթաժողովի նախաշեմին որևէ կերպ մեծ լինել չէին կարող: Փորձագետը նշեց, որ Եվրամիությունը երկու երկրների հետ կապված լուրջ հավակնություններ չունի՝ պայմանավորված մարդու իրավունքների, ժողովրդավարության, քաղաքական ու քաղաքացիական ազատությունների, ընտրություններում արձանագրված թերությունների և այլ գործոններով:
«Բելառուսը որևէ լուրջ ակնկալիք Վիլնյուսի գագաթաժողովից ունենալ չի կարող: Ուղղակի երկիրը որպեսզի որևէ կերպ առաջընթացի էլեմենտ արձանագրի, եվրոպացիները քննարկում են Բելառուսի հետ վիզային ռեժիմի դյուրացման ինչ-որ ցածր էտապի մասին համաձայնության գալու հարցը: Ադրբեջանի մասով իրավիճակը Բելառուսից էականորեն չի տարբերվում, և անգամ որոշ հարցերում վիճակն ավելի վատ է: Անգամ Եվրոպայի էներգետիկ անվտանգության առումով Ադրբեջանի կարևորությանը՝ երկրի որևէ լուրջ ձեռքբերում, առաջընթաց Վիլնյուսում չէր կանխատեսվում: Միայն առկա է հռչակագրային բնույթ պարունակող վիզաների դյուրացման շատ ցածր էտապի և էներգակիրների հետ կապված ինչ-որ հնարավոր համաձայնության գալու խնդիր» - ասաց Կ. Բեքարյանը
Վերջինս փաստեց, որ այդ երկու երկրների դեպքում Եվրամիության և Ռուսաստանի միջև վառ արտահատված շահերի բախում չի նկատվել, քանի որ նրանց հետ կապված որևէ լուրջ ակնկալիքներ չեն եղել ի սկզբանե: Իսկ ահա Ուկրաինայի, Հայաստանի, Վրաստանի և Մոլդովայի պարագայում, փորձագետի խոսքով, ականատես եղանք Եվրամիության և Ռուսաստանի միջև բավական ակտիվ պայքարի:
«Վրաստանի և Մոլդովայի պարագայում Վիլնյուսում ակնկալիքներն այն են, որ կնախաստորագրվի Ասոցացման և Խորը ու համապարփակ ազատ առևտրի մասին համաձայնագիրը: Այս երկրների հետ Եվրամիության և Ռուսաստանի միջև հակադրությունն ու քաղաքական տարաբնույթ շահարկումները համեմատաբար ավելի քիչ էին: Բանն այն է, որ Մոլդովայի և Վրաստանի դեպքում ոչ թե ստորագրվելու, այլ նախաստորգրվելու է համաձայնագիրը, նախաստորագրումից ստորագրում առնվազն մեկ տարի ժամանակ կա: Հետևաբար Ռուսաստանը համարում է, որ դեռ գործելու ժամանակ ու հնարավորություն ունի»,- ասաց Կ. Բեքարյանը:
Նա համոզմունք հայտնեց, որ Վրաստանի և Մոլդովայի դեպքում համաձայնագրի նախաստորագրումը ողջ ընթացակարգով տեղի կունենա, սակայն փորձագետը դա պատմական իրադարձություն չի համարում:
«Համաձայնագրի նախաստորագրումը արդյոք նշանակո՞ւմ է, որ այդ երկրների համար պատմական օր է. կդժվարանայի միանշանակ ասել, որովհետև Ուկրաինան լավ օրինակ է, թե ինչպես նախաստորագրեց, սակայն ստորագրելուց առաջ տեսնում ենք, թե ինչ կատարվեց»,- նկատեց Կ. Բեքարյանը:
Ինչ վերաբերում է Ուկրաինային, նա ասաց, որ ի տարբերություն մյուս երկրների կար ակնկալիք, որ Վիլնյուսում պետք է ստորագրվի համաձայնագիրը և քչերն էին կասկածում, որ Ուկրաինան չի ստորագրի:
«Հիմա էլ շատերի մոտ կարծիք կա, որ վերջ, Ուկրաինան այլևս չի ստորագրելու: Ուկրաինայի պարագայում դեռ վերջակետ դրված չէ: Ուկրաինան կարող է գնալ երեք հավանական սցենարներով: Առաջինը՝ ցանկացած պահի համաձայնագրի ստորագրում, երկրորդը՝ բավական ժամանակ իրավիճակը օդում կախած պահելը, երրորդը՝ Մաքսային միություն մտնելու հայտ ներկայացնելը: Թե Ուկրաինան որ սցենարով կառաջնորդվի, կախված է նրանից, թե ինչպիսի գործողությունների կդիմեն Եվրամիությունն ու Ռուսաստանը»,- նշեց փորձագետը:
Իսկ ահա Հայաստանի առումով Կ. Բեքարյանն ընդգծեց, որ տեղի ունեցավ իրավիճակի փոփոխություն սեպտեմբերի 3-ին Մաքսային միության միանալու որոշումից հետո:
«Եվրոպայից տարբեր արձագանքներ եղան, սակայն դրանցում նկատվեց մի շեշտադրում, որ այդ որոշման պարագայում Խորը և համապարփակ ազատ առևտրի համաձայնագրի ստորագրումը դառնում է հարցական, քանի որ անորոշ է, թե ինչպես է համատեղվելու Մաքսային միության հետ: Սակայն պարզ է բոլորի համար, որ երեքուկես տարի տևած բանակցությունները և դրանց ամբողջ արդյունքը չի կարելի վերցնել և աղբաման նետել: Մյուս կողմից սեպտեմբերի 3-ից հետո մինչև Վիլնյուսի գագաթաժողովը պարզ է դառնում, որ հնարավոր չէր այս երկու ամսվա մեջ վերանայել բանակցված ողջ փաթեթը և ունենալ Վիլնյուսում ստորագրվելիք նոր համապարփակ փաստաթուղթ: Հետևաբար Հայաստանի պարագայում Վիլնյուսից ակնկալիքը շատ բնականորեն պետք է լինի հուշագրի կամ հռչակագրի ստորագրումը, որը պետք է ամրագրի Եվրամիության և Հայաստանի փոխադարձ ցանկությունը շարունակել ու խորացնել Հայաստանի եվրաինտեգրման գործընթացը»,- ընդգծեց Կ. Բեքարյանը:
Նա հույս հայտնեց, որ Վինլյուսի գագաթաժողովից հետո կրքերը կհանդարտվեն, մոտավորապես հունվար-փետրվար ամիսներին կսկսվի բանակցային նորմալ գործընթաց՝ վերանայելու բանակցված փաթեթը և հասնելու համապարփակ փաստաթղթի ստորագրման:
««Արևելյան գործընկերությունը» եթե անգամ ռազմավարական իմաստով իր կարևորության, դերի մեջ ոչինչ չի կորցրել, մարտավարական իմաստով ցույց է տալիս, որ ունեցել է բացթողումներ, որոնք շտկելու կարիք ունեն: Վիլնյուսի գագաթաժողովը լավագույն առիթն է ամեն ինչը վերարժևորելու, ըմբռնելու և գործողությունները իրականությանը մոտեցնելու համար, որպեսզի ընդհանրապես ծրագիրը անհաջողության խնդրի առաջ չկանգնի: Մեր եվրաինտեգրման վեկտորը չպիտի տուժի իր մեջ ունեցած սեգմենտներից և ոչ մեկով: Իշխանությունները պետք է նախանձախնդիր լինեն, որ Հայաստանը ներքին բարեփոխումների առումով որևէ կերպ հետ չմնա և անգամ գերազանցի մյուսներին»,- եզրափակեց Կարեն Բեքարյանը:
Հ. Գ. «Արևելյան գործընկերության» գագաթաժողովի ավարտից հետո Panorama.am-ը Կարեն Բեքարյանի հետ կամփոփի գագաթաժողովի արդյունքները: