Տավուշ. 67 համայնքից միայն մեկի ղեկավարն է կին
Ինչո՞վ է առանձնանում Տավուշի մարզը Հայաստանի մյուս մարզերի թվում: Նախ, այն հայտնի է իր բուսականությամբ, մշտապես կանաչ Դիլիջանով ու Իջևանով, բարձրադիր Բերդով, ինչպես նաև նրանով, որ Տավուշի մարզի 67 համայնքներից 46-ը կառավարության կողմից ճանաչվել են սահմանամերձ: Մարզի բնակչությունը կազմում է շուրջ 132 հազար մարդ, տղամարդիկ կազմում են բնակչության 48.9 տոկոսը, կանայք` 51.1 տոկոսը, սակայն ուսումնասիրելով կանանց ներկայացվածությունը տեղական ինքնակառավարման մարմիններում այնպիսի տպավորություն է ստեղծվում, որ կանայք մարզում փոքրամասնություն են.... դե, ինչպես և Հայաստանի մյուս մարզերում:
Այդպես, ինչպես արդեն նշեցինք` Տավուշի մարզն ունի 67 համայնք, որից 5-ը քաղաքային են: Սակայն ընդամենը 26 համայնք ունի ավագանու կին անդամ, հիմնականում դա գյուղական համայնքներն են, որտեղ կանանց ներկայացվածությունը սահմանափակվում է մեկ-երկուսով: Քաղաքային համայնքներում, որտեղ ավագանին 11-15 անդամ ունի` Իջևան, Դիլիջան, Նոյեմբերյան, միայն մեկական ավագանու կին անդամ հայտնաբերեցինք: Ռեկորդագիր է Ազատամուտ համայնքը, որտեղ ավագանիում կանանց և տղամարդկանց ներկայացվածությունը գրեթե հավասար է` 5 տղամարդ և 4 կին. Սա, թերևս, ամենաողջունելի տվյալն էր ամբողջ մարզի կտրվածքով:
67 համայնքից միայն Աղավնավանք համայնքն է, որ ունի կին ղեկավար` Վարդուշ Ներսիսյանը մարզի միակ կին ղեկավարն է, մնացած բոլոր 66 համայնքները տղամարդկանց ղեկավարության տակ են:
Ինչ վերաբերում է ընդհանուր ավագանիների թվին, ապա տավուշցի 484 ավագանիներից միայն 39-ն են կանայք, որոնք, ինչպես արդեն նշեցինք, ներկայացված են ընդամենը 26 համայնքների ավագանիներում, մնացած 445-ը տղամարդ է: Մի խոսքով` իրավիճակը ոչնչով չի տարբերվում Հայաստանի մյուս մարզերի ընդհանուր պատկերից:
Նշենք, որ կառավարության կայքում, որտեղ ներկայացված է Տավուշի համայնքների մասին տեղեկատվությունը, տվյալներ չկային Տավուշի մարզի չորս համայնքների մասին: Այնպես որ գուցե ներկայացված թվերում մեկ-երկու կնոջ անուն ավելի լիներ, եթե տեղեկատվությունը մարզի կտրվածքով լիներ լիարժեք:
Նախորդիվ`
Ինչո՞ւ արտագաղթի ցուցանիշներով առաջատար Շիրակի մարզի ՏԻՄ-երում կանայք «դեֆիցիտ են»
«Խառնվածքով» բազմազան Արագածոտնի մարզը շարունակում է մնալ տղամարդկանց տիրապետության տակ
Սյունյաց կանայք ՏԻՄ-երում. Համայնքներ կան, ուր ավագանու անդամները բացառապես կանայք են