Երևանում գորգի թանգարան է բացվելու
Երևանում շուտով գորգի թանգարան է բացվելու: Մեգերյան կարպետ ընկերության Նոյեմ և Հովհաննես Մեգերյանների անունով թանգարանը կներկայացնի հին հայկական ձեռագործ գորգերը:
Ինչպես Panorama.am-ի թղթակցի հետ ասաց ընկերության մարկետինգի գծով տնօրեն Հայկ Այվազյանը, կտրամադրվեն նաև տեղեկություններ, թե պատմական Հայաստանի տարածքներում ինչ գորգեր են եղել, ինչ տեսակի գորգագործությունն է զարգացած եղել:
«Թանգարանը ցույց կտա, թե մինչև 1915 թվականը ինչ զարգացած է եղել հայկական գորգագործությունը, ինչպիսի ճանաչվածություն է ունեցել, որոնք են եղել գորգագործական կենտրոնները, ինչպիսի կորուստներ եղան 1915-ից հետո, որ աշխարհը սկսեց չխոսել հայկական գորգագործության մասին»,- ասաց նա:
Հայկ Այվազյանը հայտնեց, որ ցուցադրված են լինելու գորգերի նմուշներ 17-րդ դարից սկսած, որոնք Մեգերյան ընտանիքի անձնական հավաքածուից են, ինչպես նաև կցուցադրվեն որոշ անհատների պատկանող գորգեր. «Եթե մարդիկ լավ գորգ ունեն, մենք նաև նրանց հնարավորություն կտանք ցուցադրելու»:
Ցուցադրությունը լինելու է Մեգերյան ընկերության տարածքում: «Մենք ունենում ենք շատ հյուրեր, զբոսաշրջիկներ, ովքեր ցանկություն են հայտնում տեսնել, թե ինչպես են գորգը գործում, այդ պատճառով թանգարանը կլինի ընկերության տարածքում»,- պարզաբանեց ընկերության ներկայացուցիչը:
Թանգարանը նախատեսվում է բացել մարտ-ապրիլ ամիսներին: Այն բաց կլինի տարբեր հյուրերի, դպրոցականների համար, ցուցադրությունը փակ չի լինելու:
Հավելենք, որ Մեգերյանների ընտանիքը զբաղվել է հին գորգերի վերականգնումով և նոր գորգերի արտադրությամբ ավելի քան չորս սերունդ: 1917թ Մեգերյանները գաղթել են ԱՄՆ և հիմնադրել են Մեգերյան ընկերությունը, որը սկզբում զբաղվել է հին գորգերի վերանորոգումով և լվացումով, ինչպես նաև առքուվաճառքով:
Լրահոս
Տեսանյութեր
Ինչո՞ւ հանկարծ ՀՀ իշխանությունները որոշեցին խլել արցախցիների կենսաթոշակային խնայողությունները