Գագիկ Մինասյան. Լեռնային Ղարաբաղի տարածքը դե-ֆակտո Մաքսային միության տարածք է
«ՀՀ տարածքը Մաքսային միության տարածք է և այստեղ ներթափանցած ապրանքը առանց մաքսատուրքերի հայտնվելու է Լեռնային Ղարաբաղում, ինչպես նաև Լեռնային Ղարաբաղում արտադրված ապրանքը հայտնվելու է Հայաստանում և Մաքսային միության այլ երկրներում: Լեռնային Ղարաբաղը դե-ֆակտը Մաքսային միության տարածք է »,-այսօր լրագրողների հետ հանդիպմանը անդրադառնալով Մաքսային միությանը ՀՀ-ի անդամակցությանը ասաց ԱԺ ՀՀԿ խմբակցության անդամ Գագիկ Մինասյանը:
Նա նշեց, որ Մինսկում տեղի ունեցած Մաքսային միության անդամ երկրների քննարկումների ժամանակ հստակեցվեց, որ ՀՀ-ի և ԼՂՀ-ի միջև որևէ մաքսային սահմանակետ լինել չի կարող:
«Սա շատ կարևոր պնդում է, քանի որ այդ պնդման արդյունքում Լեռնային Ղարաբաղի տարածքը դառնում է Մաքսային միության տարածք»,-նշեց Գ. Մինասյանը:
Նրա խոսքերով, տնտեսական առումով Մաքսային միության անդամները դե-ֆակտո ճանաչել են այն հանգամանքը, որ Լեռնային Ղարաբաղի տարածքը Մաքսային միության տարածք է: