Թանկացումների ահազանգեր չկան, բայց տագնապ կա
Ամանորին ընդառաջ ընդեղենի ու մի քանի այլ շուկաներում գրեթե ամեն օր է գնաճ արձանագրվում: Այսօր, խանութներում 1 կգ մաքրած ընկույզը տատանվում է 5.500-7000 դրամի սահմաններում, թանկացման տեմպը գնալով կարագանա: Այս շուկայում ինչքան էլ գների բարձրացում նկատվի, այնուամենայնիվ, վերահսկողություն չի իրականացվելու, քանի որ Տնտեսական մրցակցության պաշտպանության պետական հանձնաժողովը լիազորված է մոնիտորինգ կատարել այն շուկաներում, որտեղ կան գերիշողներ:
«Ընդեղենի, մրգեղենի, կանաչիի ու մի քանի այլ շուկաներում գերիշխողներ չկան»,-Panorama.am-ին ասաց հանձնաժողովի մամուլի խոսնակ Գայանե Սահակյանը:
«Հայաստանի սպառողների ասոցիացիա» ՀԿ նախագահ Արմեն Պողոսյանի խոսքով, իր ղեկավարած ՀԿ-ն դեռ քաղաքացիներից թանկացումների վերաբերյալ բողոքներ ու դժգոհություններ չի ստացել: Նախորդ տարիների փորձը ցույց է տվել, որ թանկացումներ լինում են հատկապես մսի, ընդեղենի, ձվի շուկաներում: Այս տարի միսն էժանացել է, ինչը ոչ թե ուրախացնում է Պողոսյանին, այլ մտահոգում. «Դա շատ տագնապալի է, խոսում է այն մասին, որ գյուղացիները ճարահատյալ ավելի շատ են անասունները մորթում, իսկ դա գյուղատնտեսության անկման պարզագույն օրինակ է»:
ՀԿ նախագահին չի գոհացնում ՏՄՊՊՀ հիմնավորումը, թե հանձնաժողովի ֆունկցիան չէ գերիշխող տնտեսվարողներ չունեցող շուկաներում ուսումնասիրություն կատարելը. «Օրինակ, ասում են հացի շուկայում գերիշխող չկա: Ֆորմալ առումով ճիշտ են, բայց նայեք հացը թխողներն ու վաճառողները շատ են, այսինքն շղթայի վերջին փուլում գերիշխող չկա, բայց առաջին փուլում կա»:
Պողոսյանը չգիտի` որպես ՀԿ նախագահ ինչ կարող է անել և կանի գների բարձրացումը կանխելու համար. «Ես մի անգամ ասացի, այդ խնդիրը լուծելու 32 եղանակ կա, վերջինը ինքնահրկիզումն է: Ես էլ ինչ անեմ, խոսքն իմ մասին չէ միայն, հասարակական կառույցները թույլ են, ես ընդունում եմ»:
Հանձնաժողովի մամուլի քարտուղար Գայանե Սահակյանն ասաց, սովորաբար նախատոնական օրերին հանձնաժողովը սկսում է ամենօրյա մոնիտորինգ իրականացնել, ամենօրյա դիտարկումների անցնելու համար սպասում են հանձնաժողովի նախագահի հրահանգին:
«Դիտարկումները վերաբերում են ոչ միայն թանկացումներին, այլև այլ բնույթի չարաշահումներին»,-ասաց մամուլի խոսնակը, ավելացնելով, որ ենթադրաբար դիտարկումները կսկսվեն դեկտեմբերի 10-ից:
Հանձնաժողովը թեժ գծով պարենային ապրանքների թանկացումների վերաբերյալ քաղաքացիներից բողոքներ չի ստացել, մոնիտորինգն էլ չի արձանագրել, որ հանձնաժողովի վերահսկողության ներքո գտնվող ապրանքները թանկացել են:
Լրահոս
Տեսանյութեր
Եթե Ադրբեջանը վստահ է, ինչո՞ւ է դատական գործընթացները դադարեցնելու մասին գաղափար առաջ քաշում