Սերժ Սարգսյան. ապօրինի շրջափակման վերացման հարցում Հայաստանն ակնկալում է ԵՄ գործընկերների հետևողականությունը
Եվրոպական Միության անդամ-պետություններից, որպես մեր գործընկերներից, մենք ակնկալում ենք Թուրքիայի կողմից Հայաստանի ապօրինի շրջափակման վերացման հարցում լիարժեք ներգրավում և հետևողականություն: Այսօր Վիլնյուսում «Արևելյան գործընկերության» 3-րդ գագաթնաժողովի ընթացքում ունեցած ելույթում հայտարարել է Հայաստանի նախագահ Սերժ Սարգսյանը:
Իր խոսքում նշելով, որ Հայաստանը հանձնառու է շարունակել արդեն իսկ սկիզբ դրված ինստիտուցիոնալ բարեփոխումները՝ Սերժ Սարգսյանն անդրադարձել է «Արևելյան գործընկերության» հետագա զարգացմանը. «Մեր գլխավոր նպատակն է Եվրոպական միության հետ ձևավորել այնպիսի գործուն կառուցակարգեր, որոնք մի կողմից արտացոլում են մեր սոցիալ-քաղաքական և տնտեսական հարաբերությունների խորքային բնույթը, մյուս կողմից՝ համատեղելի են համագործակցության այլ ձևաչափերի հետ: Արևելյան գործընկերությունը պետք է բնական կամուրջ դառնա՝ տարածելով տնտեսական ինտեգրումը Ատլանտյանից մինչև Խաղաղ օվկիանոս: Այս իմաստով մենք հանձնառու ենք հետևողական ջանքեր գործադրել առավել ընդգրկուն, բաժանարար գծերից զերծ Եվրոպա կառուցելու ուղղությամբ»:
«Հենց այս գիտակցմամբ ենք մենք առաջնորդվում մեր արտաքին հարաբերություններում և մեր հարևանների հետ խնդիրները փորձում ենք կարգավորել հենց այդ սկզբունքով` փորձելով Եվրոպայում հաջողված հաշտեցման փորձը տեղայնացնել նաև մեր տարածաշրջանում: Կարծում եմ, որ եվրոպական արժեքների հետևողական որդեգրումը կարող է օգնել Թուրքիային սեփական անցյալի հետ հաշտվելու հարցում: Այսօր հազարավոր թուրքեր դատապարտում են Հայոց ցեղասպանությունը և կանգնում մեր կողքին՝ հարգելու Ցեղասպանության զոհերի հիշատակը: Կարծում եմ, որ Հայոց ցեղասպանության հարյուրամյակի նախաշեմին Թուրքիայի իշխանությունները պետք է կարողանան կամք ցուցաբերել ու հրաժարվել ժխտողական քաղաքականությունից: Եվրամիության հետ ինտեգրումը որպես եվրոպական երկիր շարունակելու հարցում Թուրքիայի առջև դեռևս շարունակում են ծառացած մնալ Եվրոպայի վերջին փակ սահմանը բացելու և Հայաստանի հետ դիվանագիտական հարաբերություններ հաստատելու մարտահրավերները: Եվրոպական Միության անդամ-պետություններից, որպես մեր գործընկերներից, մենք ակնկալում ենք Թուրքիայի կողմից Հայաստանի ապօրինի շրջափակման վերացման հարցում լիարժեք ներգրավում և հետևողականություն»,- նշել է երկրի ղեկավարը: