Վիլնյուսում Սերժ Սարգսյանը դրական է գնահատել Ալիևի հետ ունեցած հանդիպումը
Վիլնյուսում «Արևելյան գործընկերության» 3-րդ գագաթնաժողովի ընթացքում ունեցած ելույթում Հայաստանի նախագահ Սերժ Սարգսյանն անդրադարձել է Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևի հետ ունեցած հանդիպմանն ու այն դրական գնահատել:
«Մի քանի օր առաջ Վիեննայում, ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահների միջնորդությամբ, գրեթե երկու տարի տևած դադարից հետո կայացավ Հայաստանի և Ադրբեջանի նախագահների հանդիպումը: Թեև արդյունքների մասին դեռ շատ վաղ է խոսել, այդուհանդերձ հանդիպման փաստն ինքնին դրական երևույթ է»,- իր խոսքում նշել է երկրի ղեկավարը:
Անդրադառնալով բանակցությունների հնարավոր հանգուցալուծմանը՝ նախագահ Սարգսյանն ասել է. «Հարկ եմ համարում ընդգծել, որ բանակցությունների հաջող ելքն իրականում կախված է այն բանից, թե որքանով մենք մեր ժողովուրդներին կպատրաստենք խաղաղության, թե որքանով կկարողանանք հրաժարվել բացասական հռետորաբանությունից և թուլացնել լարվածությունը շփման գծում: Հայաստանն ու Լեռնային Ղարաբաղը ձեռնպահ են եղել իրավիճակն ապակայունացնող հայտարարություններից ու քայլերից և որդեգրել են ժողովրդավարության, մարդու իրավունքների, ազատ տնտեսական մրցակցության, ազատ խոսքի հիման վրա պետություն կառուցելու ճանապարհը՝ հաստատակամ քայլերով առաջ ընթանալով այդ ուղիով»:
Հիշեցնենք, որ նոյեմբերի 19-ին Վիեննայում կայացած հանդիպմանը հետևել էր ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահների հայտարարությունը, որտեղ մասնավորապես նշվում էր, որ նախագահները պատրաստակամություն են հայտնել շարունակել երկխոսությունը և առաջիկայում ևս հանդիպում անցկացնել: