Հռչակագրում շեշտվում է ՀՀ-ԵՄ հարաբերությունների ներկայիս հիմքերը վերանայելու և թարմացնելու անհրաժեշտությունը
Վիլնյուսում կայանալիք գագաթնաժողովի արդյունքում ստորագրվելիք հռչակագրի նախնական տեքստի Հայաստանին վերաբերող հատվածում, մասնավորապես, շեշտվում է Եվրամիության և Հայաստանի հարաբերությունների ներկայիս հիմքերը վերանայելու և թարմացնելու անհրաժեշտությունը: Այս մասին տեղեկացնում է «Ազատություն» ռադիոկայանը:
Ռ/կ-ի տրամադրության տակ հայտնված փաստաթղթում նշվում է, որ կողմերը «վերահաստատում են իրենց հաստատակամությունը՝ ավելի զարգացնելու և խորացնելու համագործակցությունը Արևելյան գործընկերության շրջանակներում փոխադարձ հետաքրքրություն ներկայացնող բոլոր ոլորտներում»:
Փաստաթղթում, մասնավորապես, ասված է. «Եվրոպական հարևանության քաղաքականության և Արևելյան գործընկերության շրջանակներում գագաթնաժողովի մասնակիցները վերահաստատում են յուրաքանչյուր գործընկերոջ սուվերեն իրավունքը՝ ազատորեն ընտրելու Եվրամիության հետ հարաբերությունների իրենց համար ցանկալի մակարդակը և նպատակները»:
Հիշեցնենք, որ Վիլնյուսում ընթանում է Արևելյան գործընկերության գագաթաժողովը, որին մասնակցում են արևելյան գործընկերության երկրների ղեկավարները, այդ թվում՝ ՀՀ նախագահ Սերժ Սարգսյանը: Արևելյան գործընկերության երկրներից նախագահի մակարդակով ներկայացված չէ միայն Բելառուսը. գագաթաժողովում Բելառուսը ներկայացնում է այդ երկրի ԱԳ նախարարը: