Միսն էժանանում է. «Գյուղացիները կենդանիների ձեռքը կրակն են ընկել»
Մսի էժանացումը մտահոգում է Հայաստանի սպառողների ասոցիացիա» ՀԿ նախագահ Արմեն Պողոսյանին:
«Դա շատ տագնապալի է, խոսում է այն մասին, որ գյուղացիները ճարահատյալ ավելի շատ են անասուններ մորթում, իսկ դա գյուղատնտեսության անկման պարզագույն օրինակ է»,-Panorama.am-ին ասաց Ա. Պողոսյանը:
ԳՆ անասնաբուծության և անասնաբուժության վարչության պետ Աշոտ Հովհաննիսյանը մսի գնի նվազումը համարում է օրինաչափ: «Դեռ այս տարվա փետրվարին նախարարությունը հայտարարեց, որ տարեվերջին կնկատվի մսի գնի նվազում, քանի որ հունվարի 1-ին` նախորդ տարվա համեմատ արձանագրվել էր անասնագլխաքանակի կտրուկ աճ»,-Panorama.am-ին ասաց Ա. Հովհաննիսյանը:
Նրա տվյալներով, հունվարի 1-ի դրությամբ ոչխարի գլխաքանակն ավելացել է 70 հազարով, իսկ տավարինը` գրեթե 30 հազարով, խոզերինը` 37 հազարով:
Վարչության պետը հավատացնում է, որ վերջին օրերին եղել է շրջաններում, մոտիկից ծանոթացել մսի իրացման խնդիրներին: «Գյուղացիները կենդանիների ձեռքը կրակն են ընկել, որովհետև շատ է, չեն կարողանում իրացնել: Առաջարկ-պահանջարկն է գինը որոշում: Ասում են, եթե անցած տարի 1 ցլիկ ենք ունեցել, էս տարի ունենք 2-3-ը»,-ասաց Հովհաննիսյանը:
Նրա խոսքով, գյուղացուց կովի միսն առնում են կգ-ն 1000-1200 դրամով, բթած ցուլիկի միսը` 2000 դրամով, խոզի միսը` 1900 դրամով, իսկ ոչխարի միսը` 2100-2200-ով:
Վարչության պետը փաստում է, որ անասնագլխաքանակի ավալեցումը բերել է նաև մսի ներկրման ծավալների նվազմանը: Պետական եկամուտների կոմիտեի հրապարակած տվյալների համաձայն, խոշոր եղջերավոր անասունի սառեցրած մսի ներկրումը նվազել է, եթե նախորդ տարվա 9 ամիսների ընթացքում ներմուծվել է 5. 700.8 տոննա միս, ապա այս տարվա ինն ամիսների ընթացքում` 3.546.8 տոննա: Խոշոր եղջերավոր անասունի թարմ միսը, ըստ ՊԵԿ-ի, չի ներկրվել:
Ուշագրավ է, որ անսանագլխաքանակի աճին զուգահեռ 100 տոկոս նվազել է արտահանումը: Նույն ՊԵԿ տվյալներով, այս տարվա առաջին ինն ամիսների ընթացքում խոշոր եղջրավոր անասունի, խոզի, ոչխարի, այծի, ձիու, ավանակի, ջորու մսամթերք հանրապետությունից չի արտահանվել, մինչդեռ նախորդ տարվա նույն ժամանակահատվածում արտահանվել է 17.5 տոննա:
Ազգային վիճակագրական ծառայության` նախօրեին հրապարակած տվյալների համաձայն, նոյեմբերին հոկտեմբերի համեմատ հանրապետությունում գրանցվել է աղացած մսի`1.9%, տավարի փափկամսի`1.5%, պելմենիի` 1.2%, ոչխարի, խոզի և տավարի մսերի գների` համապատասխանաբար 2.4%, 1.9% և 1.3%, նվազում: