Վ. Օսկանյանը և այլ երկրների խորհրդարանականներ գնահատական են տվել Արևելյան գործընկերության գործընթացի առաջին փուլին
Նախօրեին Լիտվայի մայրաքաղաք Վիլնյուսում Լիտվայի նախագահ Դալիա Գրիբաուսկայտեն ընդունել է Եվրոպական Միության և ԵՄ Արևելյան գործընկերության երկրների խորհրդարանականների համաժողովի մասնակիցներին: Հայաստանից հանդիպմանը մասնակցել է Ազգային ժողովի պատգամավոր, «Բարգավաճ Հայաստան» խմբակցության անդամ Վարդան Օսկանյանը: Այս մասին հայտնում են Վ. Օսկանյանի մամուլի գրասենյակից:
Հանդիպմանը ներկա են եղել նաև ներկայացուցիչներ քաղաքացիական հասարակության համաժողովից: Հանդիպման ընթացքում գնահատական է տրվել Արևելյան գործընկերության գործընթացի առաջին փուլին՝ Ասոցացման պայմանագրի ստորագրմանը, որի արդյունքում ստեղծվել է մասնակից երկրների երեք խումբ. երկրներ, որոնք ստորագրել են, երկրներ, որոնք դեռ չեն ստորագրել, և երկրներ, որոնք չեն ստորագրել, բայց միացել են Մաքսային միությանը՝ Հայաստանը և Բելառուսը: Քննարկվել են Եվրոպական Միության հետ այս երեք խմբերում գտնվող յուրաքանչյուր երկրի հետ հետագա հարաբերությունների վերաբերյալ հարցեր: