«Գաբոյիս չեմ կարողանում բերել, երեխաս Հալեպում է». Սիրիահայ ընտանիքի երազանքը
Մայրը Ղամշլիում, մեծ տղան` Լիբանանում, միջնեկը` Երևանում, փոքրը` Հալեպում, ինքը` Կովսականում… սիրիահայ Մհեր Պողոսի ընտանիքը ցրված է այս քաղաքներում, իսկ թե երբ նորից միասին կլինեն, հայտնի չէ:
Մհեր Պողոսը չորս տարի է` ապրում է Քաշաթաղի շրջանի Կովսականում: Լիբանանահայ կնոջից բաժանվել է տարիներ առաջ: Ամուսնալուծությունից հետո սիրիահայը երեք տղաներին վերցնում է ու գնում Սիրիա: Սկզբում երեխաներին որոշում է թողնել մոր մոտ` Ղամշլիում, ու գալ Արցախ` տուն, աշխատանք գտնելու, որ ընտանիքը բերի հայրենիք:
«Մամաս տարիքով շատ մեծ է, մեղքս եկավ, չէր կարողանա երեք երեխայի պահել: Երբ որոշեցի, որ պիտի գամ Արցախ, տեսնեմ ինչ վիճակ է, աշխատանք ու տուն գտնեմ, որ տեղափոխվենք, երեխաներին տարա Հալեպ` ազգային ապաստարան»,- պատմում է նա:
Ընկերների հետ գալիս է Հայաստան ու գնում Արցախ: Կովսականը տեսնելուց հետո որոշում է` ընտանիքն այստեղ է ապրելու: Երկու տղաներին մի տարի հետո բերում է Հայաստան, իսկ փոքրին` 14 տարեկան Գաբրիելին բերել չի կարողանում. «Եկա Հայաստան: Դեռ կռիվը չէր սկսվել, մտածում էի, որ լավ կլնինի, ու երեխաներիս կվերցնեմ ապաստարանից: Բայց միայն երկուսին կարողացա վերցնել, Գաբոյիս չեմ կարողանում բերել, երեխաս մինչ օրս գտնվում է Հալեպում: Երբ որոշեցի, որ գնամ տղայիս հետևից, արդեն պատերազմը սկսվեց: Ոչ ճանապարհ կա, ոչ օդանավակայան… մայրս ու փոքր տղաս մնացին Սիրիայում, տեսնեմ ոնց պիտի երկուսին բերեմ»:
Տղաներն ապաստարանում եղած ժամանակ Հալեպի հայկական դպրոցում են սովորել: Հայերենին լավ տիրապետում էին, վարժ կարդում ու գրում, հիմա էլ ուսումը շարունակում են Երևանում, որտեղ վարձով են մնում:
Միջնեկ տղան` Ժոզեֆը այժմ սովորում Երևանի պետական համալսարանի կիրառական մաթեմատիկայի զրո կուրսում: Երևանում մեծ եղբոր հետ էր մնում, բայց արդեն չորս ամսից ավելի է` մենակ է: «Եղբայրս Լիբանան գնաց, որ Հալեպից Գաբրիելին բերի: Մոտ չորս ամիս է այնտեղ է, դեռ չի կարողանում բերել: Վերջին անգամ, որ խոսեցի Գաբոյի հետ, ասում էր` վիճակը շատ վատ է, Հալեպից դուրս գալ չի կարող: Հայերին կոտորում են այնտեղ»,- ասում է Ժոզեֆը:
Մհեր Պողոսը վերջին անգամ Գաբրիելի հետ խոսել է մոտ տասը օր առաջ. «Կապ կար, խոսել եմ: Բայց մի քանի օր որ կռիվ է լինում, կապ չկա` ոչ ինտերնետ, ոչ հեռախոս: Հիմա մի շաբաթից ավելի եղավ, ինչ լուր չունեմ, չգիտեմ ինչ է կատարվում»:
Ժոզեֆն այլ խնդիր էլ ունի, կորցրել է սիրիական անձնագիրը, իսկ առանց դրա հայկական անձնագիր չեն տալիս: Թեև համալսարանում դասի գնում է, բայց գրանցված չէ. «Դիմել եմ, ասում են` չունես սիրիական անձնագիր, չենք կարող հայկական տալ: Ասում եմ, որ փաստաթղթեր ունեմ, որ կորել է անձնագիրս: Ասում են` հնարավոր չէ, նախ սիրիական անձնագիր վերցրու: Բայց դե ինչպե՞ս վերցնեմ»:
Չնայած խնդիրներին, ընտանիքը չի հուսալքվում, վստահ են` Գաբրիելին ու տատիկին կբերեն ու նորից միասին կլինեն:
Մհեր Պողոսը սիրում է Կովսականը, գործը լավ է, պետությունը հող ու տուն է տվել: «Հիմա հողերն ենք վարում, ցորեն ենք ցանում: Մեզ շատ են օգնում, երեք տրակտոր են ուղարկել: Անհրաժեշտ տեխնիկան էլ են տրամադրում, որ հողը մշակենք: Այստեղ Ղամշլիից շատ ընտանիքներ են ապրում»,- ասում է ընտանիքի հայրը:
Սիրիայում տուն ունի, ասում է` եթե Աստված հաջողի, կվաճառվի. «Կգնամ մամայիս ու երեխայիս կբերեմ: Մենք էլ պիտի մարդկանց բերենք: Մեկը մյուսին քաշի, բերի այստեղ: Չորս ամիս առաջ էլ քույրս եկավ, հիմա Բերձորում են ապրում: Արցախում լավ է, կմնանք: Սիրում ենք Արցախը, մեր հայրենիքն է, ո՞նց չսիրենք: Մենք չորս տարի առաջ արդեն որոշել էինք, որ այստեղ ենք ապրելու»:
Հայրենիքում ապաստանած սիրիահայերի մասին շարքի նախորդ պատմությունները`
Սիրիահայ. Մեր ինքնությունը այստեղ կպահենք, Հայաստանից դուրս ուր էլ գնանք, պիտի ձուլվենք
Սիրիահայ Ժիրայրն Արցախում է արդեն չորս տարի. Սեղան է նստում յոթ զավակով, մեծ տղան էլ զինվոր է
«Տանս վրա երկու անգամ հրթիռ է ընկել, տունս քանդվել է». Հալեպահայ Սոսին Երևանում սենդվիչ է վաճառում
Հալեպահայ. Խիղճ չունեցող մարդու ձեռքին մնացինք, այդքան գեղեցիկ քաղաքն ինչի՞ են վերածել
Սիրիահայ կին. Իսկ տունը, առօրյան, իմ հիշողություններն ինձ հետ են կանչում Սիրիա
Թեկուզ վաղը պատերազմը դադարի, հետ չեմ գնալու. Արցախում վերաբնակեցված սիրիահայ բժիշկ