Թուրքիայի մարմնավաճառները դիմել են ՄԱԿ-ին` անվճար պահպանակներ տրամադրելու խնդրանքով
Այն բանից հետո, երբ Թուրքիայի առողջապահության նախարարությունը դադարեցրել է անվճար պահպանակներ տրամադրել սեռական հարաբերությունների միջոցով գումար վաստակող իր քաղաքացիներին, վերջիններս դիմել են ՄԱԿ-ին: ՁԻԱՀ-ի դեմ պայքարի համաշխարհային օրվան (դեկտեմբերի 1) ընդառաջ` սեքս-բիզնեսով զբաղվողները և հասարակական կազմակերպությունները «Վարդագույն կյանք ԼԳԲՏ (լեսբուհի, գեյ, բիսեքսուալ, տրանսգենդեր) համերաշխության ասոցացիայի» միջոցով դիմել են ՄԱԿ-ին` ասելով «նախարարությունը չի տրամադրում անվճար պահպանակներ, դուք տրամադրեք»:
Ասոցացիայի նախագահ Բուսե Քըլըչքայան տեղեկացրել է, որ 2006 թվականին Թուրքիան «Գլոբալ ֆոնդ»-ից ստացել էր 3.9 մլն դոլար դրամաշնորհ, որի մի մասը բաժանվել էր համապատասխան միություններին:
«Այդ ժամանակ մեծ քանակությամբ պահպանակներ էլ տրամադրվեցին, որոնք բաժանվեցին միություններին: Դա որոշակիորեն հանդարտեցրեց մասնավորապես ՄԻԱՎ վարակի վտանգին ենթարկված աշխատողներին»,- ըստ թուրքական «Էնսոնհաբեր» լրատվական կայքի` ասել է Քըլըչքայան:
Ու քանի որ հիմա Թուրքիայի առողջապահության նախարարությունը զլանում է տրամադրել անվճար պահպանակներ, սեքս-բիզնեսի ոլորտում աշխատողների` ՄԻԱՎ-ով վարակվելու վտանգը մեծացել է: Բայց ՄԱԿ-ին հղված դիմումը չի բավարարվել` պատճառաբանությամբ, որ դա ՄԱԿ-ի գործառույթների շրջանակներում չի գտնվում: Խնդիրը մնում է չլուծված:
Պաշտոնական տվյալներով` Թուրքիայում 2013-ի առաջին կիսամյակում ՄԻԱՎ վարակակիր է դարձել 587 մարդ: Ոչ պաշտոնական տվյալներով` Թուրքիայում 20 հազար մարդ վարակված է ՄԻԱՎ-ով: