Որպեսզի բոլոր ընտանիքներում մանկան ճիչ լսվի… «Արագիլը» կօգնի անպտղությամբ տառապող զույգերին
Շուրջ 80 մլն մարդ աշխարհում այսօր տառապում է անպտղությամբ, և նրանց մեծամասնությունն ապրում է զարգացող երկրներում։ Հայաստանում ևս առկա է անպտղության խնդիր: Ըստ վիճակագրության` Հայաստանում ամեն վեցերորդ զույգն ունենում է անպտղություն. դրանով տառապում են թե՛ տղամարդիկ, թե՛ կանայք: Տղամարդկանց և կանանց անպտղությունը գրեթե հավասար է:
Այդուհանդերձ, ըստ մասնագետների, անպտղությունը դատավճիռ չէ և գոյություն ունեն անպտղության բուժման տարբեր եղանակներ: Կարևորը՝ ժամանակին դիմել համապատասխան մասնագետի օգնությանը և երբեք չկորցնել երեխա ունենալու հույսը:
Անպտղության բուժման մեթոդները տարբեր են: Դրանցից կարելի է առանձնացնել արտամարմնային բեղմնավորումն ու ներարգանդային սերմնավորումը: Սակայն այս մեթոդները Հայաստանում շատ քիչ զույգերի է հասանելի, քանի որ բավականին թանկ արժե: Օրինակ` մեկ արտամարմնային բեղմնավորման փորձն արժե` 4-6 հազար դոլար:
Ահա այս խնդիրները հաշվի առնելով, առաջին տիկին Ռիտա Սարգսյանի և Վերարտադրողական բժշկության հայկական ասոցիացիայի ջանքերով ստեղծվեց «Արագիլ» բարեգործական հիմնադրամը, որի նպատակն է ֆինանսավորել անպտղությամբ տառապող այն զույգերին, որոնք արտամարմնային բեղմնավորման համար համապատասխան միջոցներ չունեն:
Panorama.am-ի թղթակցի հետ զրույցում «Արագիլ» հիմնադրամի բժշկական փորձագետ, պրոֆեսոր Կարինե Թոխունցն ասաց, որ Հայաստանում անպտղությունը առաջնային խնդիր է, որն անհապաղ լուծում է պահանջում: Նման եզրահանգման Վերարտադրողական բժշկության հայկական ասոցիացիան հանգել է Հայաստանի ժողովրդագրական վիճակը ուսումնասիրելով:
«Ասոցիացիան որոշեց ստեղծել հիմնադրամ, որը կօգնի սոցիալապես անապահով այն զույգերին, որոնց վերջին հույսը արտամարմնային բեղմնավորումն է»,- ասաց Յ.Թոխունցը` հավելելով, որ անպտղության դեպքերի մոտ 15% -ը կարիք ունեն բուժման արտամարմնային բեղմնավորման միջոցով, իսկ մնացած դեպքերում անպտղությունը բուժվում է տարբեր մեթոդներով:
Նշենք, որ «Արագիլ» բարեգործական հիմնադրամը ստեղծվել է 2011թ-ին, իսկ շնորհանդեսը կայացել է 2013թ. աշնանը:
Հիմնադրամին կարող են դիմել այն զույգերը, որոնց միասնական եկամուտը ամսական 200 հազար դրամը չի գերազանցում: Դա պարտադիր պայման է։ Բացի այդ, զույգն անպայման պետք է ուղեգիր ունենա արտամարմնային բեղմնավորում (ԱՄԲ) իրականացնող բժշկական որևէ հաստատությունից, ինչը կհաստատի, որ տվյալ զույգին ցուցված է ԱՄԲ: Զույգերի ներկայացած փաստաթղթերը ստուգվում է ՀՀ աշխատանքի և սոցիալական հարցերի նախարարությունում, որից հետո հիմնադրամի կողմից զույգերը ուղեգրվում են 4 վերարտադրողական կենտրոններից մեկը: Հիմնադրամի հետ համագործակցող կենտրոններն են` Պերինատոլոգիայի, մանկաբարձության և գինեկոլոգիայի ինստիտուտը, Շենգավիթ բժշկական կենտրոնը, Մոր և մանկան առողջության պահպանման գիտահետազոտական կենտրոնը և «Վիտրոմեդ» վերարտադրողական առողջության կլինիկան:
Նշենք, որ հիմնադրամի աջակցությամբ 25-ամյա Քնարիկ Վարդանյանն արդեն զգացել է մայրության բերկրանքը: Արտամարմնային բեղմնավորման արդյունքում հոկտեմբերի 26-ին Քնարիկը եռյակ է ունեցել:
Կ.Թոխունցը հայտնեց, որ հիմնադրամին արդեն դիմել է 300 զույգ: «Մենք չէինք սպասում, որ այդքան զույգ մեզ կդիմի: Պարզվում է, որ իրականում խնդիրը շատ ավելի խորն է»,- ասաց նա:
Նրա խոսքերով` չկա որևէ վիճակագրություն, թե Հայաստանում քանի զույգ կարիք ունի արտամարմնային բեղմնավորման: Սակայն, նա հույս հայտնեց, որ հիմնադրամի գործունեության արդյունքում կունենան կոնկրետ ցուցանիշներ, թե տարեկան քանի զույգ օժանդակ վերարտադրողական տեխնիկաների կիրառմամբ բուժօգնության կարիք ունի: «Իհարկե, դա ամբողջական պատկերը չի արտացոլի, քանի որ պետք է հաշվի առնենք այն, որ մենք օգնում ենք անապահով զույգերին, բայց զույգեր էլ կան, որոնք այդ մեթոդից օգտվելու հնարավորություն ունեն»,- ընդգծեց նա:
Կ.Թոխունցը նշեց նաև, որ արտամարմնային բեղմնավորման 30 տոկոսն ավարտվում է ծննդաբերությամբ: Բացի այդ, արտամարմնային եղանակով բեղմնավորումից հետո հղիանալու հավանականությունն էլ է մեծանում: Այսինքն` եթե այլ պատճառներ չկան, ապա կինը կարող է ինքնուրույն երեխա ունենալ:
«Հայաստանն այսօր հայտնվել է ժողովրդագրական լուրջ խնդրի առաջ: Կարծում եմ, որ մեր այս նախաձեռնությամբ որոշակի չափով կլուծենք խնդիրը: Այսօր ամեն մի ծնված երեխա շատ մեծ արժեք է մեր ազգի համար»,- ընդգծեց Կ.Թոխունցը և ավելացրեց. «Ամեն մարդ անում է այն, ինչ կարողանում է: Մենք փորձում ենք մեր միջոցներով օգնել այս ընտանիքներին, որպեսզի նրանց ընտանիքներում էլ մանկան ճիչ լսվի, որպեսզի բոլոր կանայք էլ զգան մայրանալու բերկրանքը: Կարծում եմ` սրանից կարևոր առաքելություն չկա»,- ասաց Կ.Թոխունցը:
Նշենք, որ ՀՀ Նախագահի տիկին Ռիտա Սարգսյանը հանդես է եկել ազգային համախմբման կոչով՝ առաջարկելով կենտրոնացնել համայն հայության ջանքերը և աջակցություն ցուցաբերել այն ընտանիքներին, որոնք զգում են վերարտադրողական բժշկության կարիքը:
Գրանցման համար ներկայանալ “Արագիլ” հիմնադրամի գրասենյակ (Նաիրի բժշկական կենտրոն, 1-ին հարկ)
+374 99 04 88 33
Լրահոս
Տեսանյութեր
Եթե Ադրբեջանը վստահ է, ինչո՞ւ է դատական գործընթացները դադարեցնելու մասին գաղափար առաջ քաշում