HEN-GEAR. «Պահանջարկի և առաջարկի մոնիթորինգի շնորհիվ շրջանավարտները կկարողանան աշխատանք գտնել»
Արդեն մեկ տարի է, ինչ Հայաստանում իրականացվում է Tempus ծրագրի մարդկային կապիտալի գնահատման և շրջանավարտների զբաղվածունակությանն ուղղված բարձրագույն կրթության ցանց (HEN-GEAR) նախագիծը: Նպատակն է Հայաստանում ստեղծել շրջանավարտների առաջարկն ու պահանջարկը հավասարակշող համալիր մոդել, որը հիմնված կլինի շրջանավարտներին վերաբերող տեղեկատվական բազայի ստեղծման վրա: Հիմնադրվող մոդելը կրկնօրինակելու է Բոլոնիայի ԱլմաԼաուրեա միջհամալսարանական կոնսորցիումի ստեղծած և Իտալիայում ու այլ երկրներում արդյունավետ գործող նմանատիպ մոդելը: Նախագիծը երեք տարի տևողությամբ է (2012-2015թթ):
Նախագծի կոորդինատոր Լուիզա Մենգոնին այսօր լրագրողների հետ հանդիպմանը հայտնեց, որ ծրագիրը ներառում է հայաստանյան ութ համալսարաններ, որոնք համագործակցելու են: Վեց համալսարանները մայրաքաղաքում են գտնվում, երկուսը՝ Գյումրիում և Գավառում: «Մենք այս տարվա ընթացքում կարևոր արդյունքների ենք հասել: Հայաստանցի մասնագետները համամիտ են մեզ հետ ոչ միայն այս գործիքի՝ տվյալների բազայի հարցում, այլև հետաքրքրված են, թե ինչպես կիրականացվեն այս նախագծի արդյունքները: Պահանջարկի և առաջարկի մոնիթորինգի շնորհիվ շրջանավարտները կկարողանան գտնել իրենց զբաղվածությունը: Հայաստանում ութ համալսարաններն ունենալու են միասնական բազաների տվյալներ»,- ասաց Լուիզա Մենգոնին:
Բոլոնիայի համալսարանի սոցիալական վիճակագրության դասախոս, Ալմա Լաուրեայի տնօրեն և հիմնադիր Անդրեա Կամմելլին հայտնեց, որ նախագիծը հիմնվել է երեք նպատակների վրա: Առաջին նպատակն այն է, որ համալսարանների ղեկավարներին ներկայացվեն, թե ավարտելուց չորս-հինգ ամիս հետո ինչ կարծիք կա ուսանողի մոտ տվյալ հաստատության վերաբերյալ:
«Շատ կարևոր է շրջանավարտի կարծիքը, որպեսզի կրթական համակարգն ավելի բարելավվի: Եթե շրջանավարտն իր գիտելիքները չի կարողանում օգտագործել աշխատաշուկայում, նշանակում է, որ համալսարանն ամբողջապես չի կատարել իր աշխատանքը: Սա երկրորդ խնդիրն է, որ մենք ավարտելուց մեկ, երկու և հինգ տարի հետո ուսումնասիրություն ենք անում: Եթե տեսնում ենք, որ լավագույն շրջանավարտները չեն կարողանում աշխատանք գտնել, դա նշանակում է, որ համալսարանում և գործատուների մոտ խնդիրներ կան»,- ասաց նա:
Անդրեա Կամմելլին նշեց, որ ծրագրի երրորդ խնդիրն է ստեղծել մի գործիք, որը կնպաստի առաջարկի և պահանջարկի հանդիպմանը: Նա նկատեց, որ այս երեք հիմնախնդիրների վրա հիմնված փորձով իրենք կարողացել են համոզել եվրահանձնաժողովներին, որ այս մոդելը տարածվի տարբեր երկրների վրա: «Այս ամռանը մենք հրավիրվեցինք Վաշինգտոն՝ Համաշխարհային բանկ, որ ներկայացնենք այս մոդելը, քանի որ նրանք հետաքրքրված են այն տարածելով»,- ասաց նա:
Հավելենք, որ Հայաստանում իրականացվող HEN-GEAR նախագծով համալսարանների շրջանավարտների հայաստանյան տեղեկատվական բազա կստեղծվի, համալսարանների շրջանավարտների, ինչպես նաև` բուհն ավարտելուց մեկ տարի հետո նրանց աշխատանքային պայմանների հետազոտություն կանցկացվի: Նախատեսվում է շրջանավարտների աշխատանքի տեղավորման որակյալ համակարգի հիմնում:
Լրահոս
Տեսանյութեր
Թովմասյանը՝ Նանուշյանին. Նշել եք՝ ծրագրի իրականացումը պայմանավորված է օրենքով, բայց օրենքը չկա