Հայ-ռուսական հարաբերություններ. «Իտար Տասս»-ի անդրադարձը
Ռուսական «Իտար Տասս» լրատվական գործակալությունը ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինի Հայաստան կատարած պետական այցի շրջանակներում անդրադարձել է անկախությունից ի վեր ձևավորված հայ-ռուսական հարաբերությունների բնույթին և դինամիկային:
«Երկու երկրների միջև դիվանագիտական հարաբերությունները հաստատվել են 1992 թվականի ապրիլի 3-ին: Հայաստանի Հանրապետության և Ռուսաստանի Դաշնության միջև կնքվել են 160 միջպետական, միջկառավարական, միջգերատեսչական պայմանագրեր և համաձայնագրեր: Այս համատեքստում հիմնաքարային նշանակություն ունի 1997 թվականի օգոստոսի 29-ին կնքված «Բարեկամության, համագործակցության և փոխադարձ օգնության» մասին պայմանագիրը, ինչպես նաև Ռուսաստանի և Հայաստանի միջև դեպի 21-րդ դար ուղղված դաշնակցային համագործակցության մասին հռչակագիրը՝ ստորագրված 2000 թվականի սեպտեմբերի 26-ին»:
Հայ-ռուսական հարաբերություններում գործակալությունը առանձնապես կարևորել է ԱՊՀ-ի և ՀԱՊԿ-ի շրջանակներում ընթացող համագործակցությունը, ինչպես նաև ԵվրԱզԵս-ում Հայաստանի դիտորդական կարգավիճակի ձեռք բերումը և վերջերս Մաքսային միությանը անդամակցելու ՀՀ կայացրած որոշումը՝ այս կերպ մասնակցելով Եվրասիական տնտեսական միության ձևավորման գործընթացին: Այս տարվա նոյեմբերի 6-ին էլ Հայաստանը և Եվրասիական տնտեսական հանձնաժողովը կնքեցին փոխգործակցությունը ամրապնդող հուշագիր:
Տնտեսական համագործակցության մասով շեշտարդված է հայ-ռուսական համագործակցոթյունը էներգետիկայի և տրանսպորտի ոլորտներում, ինչպես նաև Ռուսաստանի՝ ՀՀ գլխավոր առևտրային գործընկեր և հայաստանյան տնտեսությունում առաջատար օտարերկրյա ներդրող լինելու հանգամանքը:
Գործակալության անդրադարձում առանձնահատուկ դեր է հատկացված հայ-ռուսական ռազմական հարաբերություններին՝ հարավային Կովկասում կայունության ամրապնդման համատեքստում:
«Այս առումով առանցքային է 1995 թվականի մարտի 6-ին կնքված պայմանագիրը՝ ՀՀ տարածքում ռուսական 102-րդ ռազմական բազայի տեղակայման մասին: Այն միաժամանակ հանդիսանում է միակ ռուսական ռազամաբազան Հարավային Կովկասում: 2010 թվականի օգոստոսի 20-ին երկու երկրների նախագահների կողմից ստորագրվեց ռազամաբազայի տեղակայման ժամկետները 49 տարով երկարաձգելու մասին արձանագրությունը:
Ռազմա-տեխնիկական համագործակցության շրջանակներում Հայաստանը ներռուսական գներով ձեռք է բերում զենք-զինամթերք, ռազմական տեխնիկա, ինչպես նաև ազատորեն իրականացվում է զինվորական կադրերի պատրաստման կրթական ծրագրեր»:
Լրատվական գործակալությունը հայ-ռուսական հարաբերություններում նաև նկատելի առաջընթաց է համարել հումանիտար ոլորտում ընթացող երկկողմ համագործակցությունը:
«Այս առումով առանցքային են Հայաստանում գործող «Ռոսսոտրուդնիչեստվո»-ի ներկայացուցչությունը, գիտության և մշակույթի Ռուսական կենտրոնը, ռուս-հայկական Սլավոնական համալսարանի գործունեությունը, 2010 թվականին ԵՊՀ-ում բացված «Ռուսական կենտրոն»-ը, որն առաջինն էր հետխորհրդային տարածությունում: Ներկայումս քննարկվում է նաև Մոսկվայի պետական համալսարանի մասնաճյուղի հիմնման խնդիրը»:
Միջտարածաշրջանային համագործակցության մասով կարևորված են երկու երկրների տարածաշրջանների միջև առևտրա-տնտեսական, գիտա-տեխնիկական և մշակութային ոլորտներում կնքված շուրջ 30 միջտարածաշրջանային համաձայնագրերը, ինչպես նաև 2011թվականի ապրիլից մեկնարկած հայ-ռուսական միջտարածաշրջանային ամենամյա ֆորումների անցկացումը:
Լրահոս
Տեսանյութեր
Հայաստանի ու հայ ժողովրդի շահերը պաշտպանող իշխանություն գոյություն չունի. Բագրատ Սրբազան