Վլադիմիր Պուտին. «Կցանկանանք, որ տարածաշրջանային խնդիրները լուծվեն առանց զենքի»
Երևանում կայացել է ՀՀ Նախագահ Սերժ Սարգսյանի և ՌԴ Նախագահ Վլադիմիր Պուտինի առանձնազրուցը, որից հետո հայ-ռուսական բանակցությունները շարունակվել են պատվիրակությունների մասնակցությամբ, հայտնում է Kremlin.ru-ն:
Քննարկվել են երկկողմ ստրատեգիական համագործակցության հետագա զարգացման ուղղությունները, առևտրատնտեսական և հումանիտար համագործակցության հարցեր, Հայաստանի` Մաքսային միությանն ու Միասնական տնտեսական գոտուն անդամակցելու հեռանկարները:
«Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինի հետ հանդիպումները կանոնավոր և ազնիվ բնույթ են կրում»,- հայտարարել է ՀՀ Նախագահ Սերժ Սարգսյանը` բացելով բանակցությունները, փոխանցում է ИТАР-ТАСС-ը:
ՀՀ Նախագահի խոսքով, հայ-ռուսական հարաբերությունները շատ ինտենսիվ են զարգանում, Հայաստանը ցանկանում է մտնել Մաքսային միություն: Սերժ Սարգսյանը շնորհակալություն է հայտնել Պուտինին, որ հարցը դրական է ընդունվել:
Սարգսյանն ասել է. «Շատ լավ է, որ Դուք ձեր այցը սկսեցիք Գյումրիից: Սա ամենակոլորիտային քաղաքն է, և Ձեր մասնակցությունը հայ-ռուսական ֆորումին դրան ավելի բարձր նշանակություն է տվել»: Նա նաև վստահություն է հայտնել, որ Ռուսաստանի Զինված ուժերի գերագույն հրամանատարի այցը Գյումրու ռազմաբազա անպայման կնպաստի անձնակազմի ռազմական պատրաստվածության բարձրացմանը և կարևոր բաղադրիչ կլինի Հայաստանի անվանգության համար, ինչպես որ նախատեսված է համապատասխան պայմանագրով:
Վլադիմիր Պուտինն իր հերթին ասել է, որ ինքն արդեն երրորդ անգամ է այցելում Գյումրի: «Անհրաժեշտություն չկա խոսել այն մասին, որ հայ-ռուսական հարաբերությունները ավելին են, քան ուղղակի պատմական գործընկերությունը: Դա մեր ժողովրդի պատմական կապն է»,- ասել է նա:
Խոսելով Գյումրու ռազմակայան այցելության մասին, Ռուսաստանի Նախագահն ընդգծել է. «Կցանկանանք, որ տարածաշրջանային խնդիրները լուծվեն առանց զենքի, դիվանագիտության միջոցով, որպեսզի ընդունվող որոշումները լինեն ընդունելի բոլոր կողմերի համար: Որքան էլ, որ բարդ լինեն մեզ բաժին հասած խնդիրները, մենք պետք է դրանք լուծենք ի օգուտ հասարակ մարդկանց, մարդկանց, ովքեր ուղղակի ու փոխաբերական իմաստով աշխատում են հողի վրա»:
Խոսելով Մաքսային միություն մտնելու Հայաստանի որոշման մասին, Պուտինն ընդգծել է, որ դա պարզապես ինչ-որ մեկի որոշումը չէ, դա համատեղ պայմանավորվածությունն է: «Հարցերը միշտ լուծվում են պայմանավորվածությունների և կոմպրոմիսների հիման վրա: Մենք հասկանում ենք Հայաստանի տնտեսության վիճակը, մենք հասկանում ենք, որ նրան հարկավոր է համապատասխան տնտեսական «անվտանգության բարձիկ»: Հայաստանը պետք է զգա իր անձնական ուժը և ստեղծի պայմաններ հետագա զարգացման և համագործակցության համար»,- ասել է ՌԴ Նախագահը: