Պուտինի այցը կարագացնի գործընթացները
Այսօր պետական այցով Հայաստան է ժամանել ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինը: Նախագահի կարգավիճակով, սա նրա երրորդ այցն է Հայաստան. առաջին այցը կայացել էր 2001 թվականին, նախագահի պաշտոնում առաջին անգամ ընտրվելուց մեկ տարի անց, երկրորդը, 2005 թվականին (2010 թվականին Հայաստան էր ժամանել այն ժամանակվա նախագահ, ներկայումս ՌԴ վարչապետ Դմիտրի Մեդվեդևը):
Հետաքրքիր զուգադիպությամբ, Վլադիմիր Պուտինը 2000, 2004, 2012 թվականներին նախագահ ընտրվելուց մեկ տարի անց՝ 2001, 2005 և 2013 թվականներին, այցելել է Հայաստան:
Պետական այցերը ենթադրում են ծավալուն օրակարգ և պատահական չէ, որ ՌԴ նախագահի այցի օրերին Երևան են ժամանել մեծ թվով խոշոր գործարարներ (մոտ 500) ու ՌԴ տարբեր շրջանների ղեկավարներ, որոնք նպատակ ունեն առավել ակտիվացնել երկկողմ տնտեսական հարաբերությունները նաև մարզային մակարդակում: Նախատեսվում է նաև Ատոմակայանի հարցում հասնել ռուսական կողմի աջակցությանը, ով մինչև այդ հայտարարել էր հայկական ատոմակայանի ենթակառուցվածքներում ներդրում անելու նպատակահարմարության մասին:
Միաժամանակ պետք է փաստենք, որ ՌԴ նախագահի այցի առանցքային հարցերը վերաբերում են Մաքսային միությանը Հայաստանի անդամակցությանը, ապա՝ Եվրասիական միության ձևավորման աշխատանքներին Հայաստանի մասնակցությանը և ռազմատեխնիկական համագործակցությանը:
Հայաստանն ավելի վաղ հայտարարել էր ՄՄ-ին անդամակցության գործընթացի արագացման անհրաժեշտության մասին՝ ակնկալելով, որ ՌԴ-ն այս հարցում օժանդակություն կցուցաբերի: Ենթադրվում է, որ ՌԴ նախագահի այցի շրջանակներում երկու երկրների նախագահները կամփոփեն ՄՄ-ի անդամակցության գործընթացի նպատակով ստեղծված աշխատանքային խմբերի աշխատանքը, լուծումներ կտրվեն այն հարցերին, որոնք խնդրահարույց են և նախագահների մակարդակով հարցին միջամտելու անհրաժեշտություն կար: Կհստակեցվի ՄՄ-ին անդամակցության ու Եվրասիական միության կազմավորման աշխատանքներին Հայաստանի դերակատարության հետ կապված հարցեր:
ՌԴ-ի հետ ռազմատեխնիկական համագործակցությունը հիմնված է երկու երկրների փոխադարձ շահերի հիման վրա: ՀՀ-ում է տեղակայված 102-րդ ռազմաբազան, որի տեղակայումը կարգավորվում է 1995 թվականին ստորագրված պայմանագրով 2010 թվականին դրանում փոփոխություն կատարվեց: Փոփոխությունները նախատեսում է ոչ միայն ռազմակայանի ժամկետների երկարաձգում, այլև ռուսաստանյան ռազմական բազան Հայաստանի զինված ուժերի հետ համատեղ պարտավորվում էր ապահովել ՀՀ անվտանգությունը: Այդ նպատակների իրագործման համար ռուսական կողմը պարտավորվում էր աջակցել ՀՀ-ին ժամանակակից սպառազինություններով և ռազմական տեխնիկայով:
Ռազմակայանի առջև դրված նոր խնդիրների ու առկա նոր մարտահրավերների պայմաններում, ռուսական ռազմաբազայի արդիականացումն ու ռազմական տեխնիկայով համալրումը դառնում է ռազմատեխնիկական համագործակցության օրակարգի առաջնային խնդիրը և պատահական չէ, որ ՌԴ-ն առաջին հերթին խնդիր է դրել ներդրումներ անել ռազմական-տեխնիկական ենթակառուցվածքներում և Հայաստանում ռուսական ռազմակայանը համալրել 18 ուղղաթիռներով:
Մեկ կարևոր հանգամանք ևս. Մաքսային միությանը Հայաստանի անդամակցությունը հնարավորություն կտա ռուսական ռազմաարդյունաբերական գործարաններից ներքին գնով գնված ռազմական տեխնիկան Հայաստան ներկրել առանց մաքսատուրքերի:
Հաշվի առնելով այն հանգամանքը, որ ՌԴ-ն և ԵԱՀԿ ՄԽ համանախագահ երկիր է և Հարավային Կովկասում առանցքային խաղացողներից մեկը, ենթադրվում է, որ տարածաշրջանային խաղաղության ու կայունության համատեքստում կքննարկվի նաև ԼՂ հիմնախնդրի կարգավորման բանակցությունների ընթացքը:
Հ.Գ. ՌԴ նախագահը Հայաստան է ժամանում պետական այցով, ինչը ամենաբարձր մակարդակի այց է համարվում: Համեմատության համար նշենք, որ սույն թվականի օգոստոսին՝ Պուտինը Ադրբեջան էր մեկնել աշխատանքային այցով, որն իր «մակարդակով» զիջում է պետական այցին:
Քաղաքական հարցերով փորձագետ Տիգրան Աբրահամյան
Լրահոս
Տեսանյութեր
Գիշեր-ցերեկ կաշխատենք, միայն առաջվա Հայաստանում ապրենք. Քաղաքացիները՝ աշխատաժամանակի կրճատման մասին