Երևանում քննարկվել են ՀՀ-ի և ՌԴ-ի միջև միջտարածաշրջանային համագործակցության հարցեր
ՀՀ տարածքային կառավարման նախարարությունում տեղի է ունեցել Հայաստանի Հանրապետության և Ռուսաստանի Դաշնության միջև տնտեսական համագործակցության միջկառավարական հանձնաժողովի շրջանակում գործող միջտարածաշրջանային համագործակցության հարցերով հայ-ռուսական աշխատանքային խմբի երկրորդ նիստը` ՀՀ տարածքային կառավարման նախարարի առաջին տեղակալ Վաչե Տերտերյանի եւ ՌԴ տարածքային զարգացման նախարարի տեղակալ Սերգեյ Նազարովի համանախագահությամբ: Այս մասին հայտնում են ՏԿՆ հասարակայնության հետ կապերի բաժնից:
Վ. Տերտերյանը նշել է, որ հայ-ռուսական միջտարածաշրջանային երրորդ համաժողովի նախաշեմին անցկացվող երկրորդ նիստը նպատակ ունի քննարկել երկու երկրների միջև միջտարածաշրջանային մակարդակով համագործակցության զարգացման հեռանկարներն ու ուղղությունները: «Երկկողմ հարաբերություններում միջտարածաշրջանային համագործակցությունն առանձնահատուկ կարևոր տեղ է զբաղեցնում, որի խորացման հարցերը մանրամասն քննարկվում են աշխատանքային խմբում և կողմերին համապատասխան առաջարկություններ են ներկայացվում»,-նշել է Վ. Տերտերյանը:
Ս. Նազարովը նույնպես ընգծելով երկկողմ հարաբերություններում միջտարածաշրջանային բաղադրիչի կարևոր դերը` նշել է, որ ռուսական կողմից այս ձևաչափով համագործակցության նկատմամբ մեծ հետաքրքրություն է նկատվում: Անգամ այն տարածաշրջանները, որոնք ավանդական կապեր չեն ունեցել Հայաստանի վարչական միավորների հետ, հետաքրքրություն են ցուցաբերում Հայաստանի հետ կապերի զարգացման հարցում:
Նիստի ընթացքում քննարկվել են երկու երկրների միջև միջտարածաշրջանային համագործակցության, այս մակարդակում իրավապայմանագրային դաշտի զարգացման հարցեր:
Ներկայացվել է 2012թ. մարտին կայացած առաջին նիստի արձանագրության իրականացման ընթացքը: Գործընկեր տարածաշրջանների ներկայացուցիչները զեկուցել են համագործակցության ներկա մակարդակի և գործակցության խորացման ուղղությունների մասին: Կարևորվել է միջտարածաշրջանային մակարդակում տնտեսական փոխգործակցության զարգացման անհրաժեշտությունը , նշվել է, որ այս ոլորտում առկա է գործակցության մեծ ներուժ:
Աշխատանքների ավարտին Վ. Տերտերյանն ու Ս. Նազարովն ստորագրել են Միջտարածաշրջանային համագործակցության հարցերով հայ-ռուսական աշխատանքային խմբի երկրորդ նիստի արձանագրությունը:
Լրահոս
Տեսանյութեր
ՈւՂԻՂ. Տրանսպորտը թանկացնում են նախկինների մերժած հաշվարկով. Պիպոյանը փաստաթղթեր է հրապարակում